![]()
Վերջին տարիներին Թուրքիայում աճում են Աթաթուրքի (Աթաթյուրք) արձանների, կիսանդրիների, պատկերների նկատմամբ կատարվող տարատեսակ հարձակումները։
Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, Թուրքիայի հյուսիսարևմտյան Թեքիրդաղ նահանգի Մարմարա Էրեղլիսի շրջանում իրարահաջորդ հարձակումներ են տեղի ունեցել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր, առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքի արձանների վրա:
Մարտի 28-ին հիշյալ շրջանի 3 տարբեր դպրոցների բակերում տեղադրված Աթաթուրքի արձանների վրա ներկով վիրավորանք պարունակող գրություններ են թողնվել և երկաթե տակառ դրել:
Միջադեպն անմիջապես դատապարտել են Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող, քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) ներկայացուցիչները:
![]()
Թեքիրդաղից ընտրված CHP-ական պատգամավոր Իլհամի Այգունը կատարվածը ծրագրված հարձակում է որակել: Այդ մասին նա գրառում է արել Twitter-ում:
Նա, մեղադրելով երկրի իշխանություններին, գրել է. «Նրանք, ովքեր քաջալերում են Աթաթուրքի կիսանդրիների վրա հարձակվողներին, վերջիններիս չափ մեղավոր են: Պարզվում է, որ ոմանց ոչ միայն անհանգստացնում է Աթաթուրքը, այլև Աթաթուրքի՝ մեր երկրին պարգևած անկախությունը»:
![]()