Թուրքիայում Հրանտ Դինքի սպանության գործով դատավճիռ է կայացվել

Թուրքիայի նախկին բարձրաստիճան երեք ոստիկաններ ցմահ ազատազրկման են դատապարտվել 2007-ի հունվարին «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով, այսօր՝ մարտի 26-ին, հաղորդում է «Անադոլու» գործակալությունը:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Դինքի սպանության մեջ ներգրավված է ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությունը, որը Թուրքիայում կոչվում է FETO և համարվում է ահաբեկչական կազմակերպություն: Մեղադրանքները հեռակա կարգով ներկայացվել են հենց Գյուլենի դեմ, որն ապրում է ԱՄՆ-ում:

Գործակալության տվյալներով՝ Ստամբուլի դատարանը մեղավոր է ճանաչել Դինքի սպանությունը նախապատրաստելու մեջ և ցմահ ազատազրկման է դատապարտել Թուրքիայի Տրապիզոն նահանգի անվտանգության ծառայության նախկին ղեկավար Ռամազան Աքյուրեքին, Ստամբուլի ոստիկանության վարչության հետախուզական բաժնի նախկին ղեկավար Ալի Ֆուաթ Յըլմազերին և Ստամբուլի ոստիկանության հետախուզական բաժնի նախկին ղեկավար Մուհարեմ Դեմիրքալեին: Տրապիզոնի նահանգի ոստիկանության նախկին պետ Ալի Օզը դատապարտվել է 28 տարվա ազատազրկման: Լրագրող Էրջան Գյունը, որը մեղադրվում էր FETO- ին անդամակցելու մեջ, ստացել է տասը տարվա ազատազրկում:

Մեղադրյալներից մի քանիսն արդարացվել են:

Հիշեցնենք, որ Դինքը սպանվել է 2007-ի հունվարի 19-ին 17-ամյա ազգայնական Օգյուն Սամասթի կողմից Ստամբուլում իր թերթի գրասենյակի մուտքի մոտ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ