![]()
ԱՄՆ կոնգրեսմեն Ադամ Շիֆը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Human Rights Watch-ի՝ հայ ռազմագերիների մասին վերջին զեկույցին:
«Human Rights Watch-ի հրապարակած վերջին զեկույցը հաստատում է այն, ինչից շատերս վախենում էինք: Ադրբեջանի զինված ուժերը բռնությունների են ենթարկել հայ ռազմագերիներին ու պահվող քաղաքացիական անձանց: Մոտավորապես 200 ռազմագերիներ անօրինական կերպով դեռևս պահվում են Ադրբեջանում, կա հետագա բռնությունների ռիսկ: Հայ ռազմագերիներին կտտանքների ենթարկելը միջազգային իրավունքի և Ժնևյան կոնվենցիայի կոպտագույն խախտում է, և բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- գրել է Ադամ Շիֆը:
Կոնգրեսմենը նաև հիշեցրել է, որ անցյալ շաբաթ ներկայացրել է երկկուսակցական բանաձև, որով կոչ է արել անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին ու պահվող քաղաքացիական անձանց:
«Ես նաև կոչ եմ արել ԱՄՆ պետքարտուղարությանն ակտիվացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացը և պարտավորեցնել Ադրբեջանի իշխանություններին, որպեսզի նրանք պարզ հայտարարեն՝ նոյեմբերի 9-ի հայտարարությանը հավատարիմ մնալու կարևորությունը»,- գրել է կոնգրեսմենը:
Շիֆը նաև հավելել է, որ «գործընթացի ամեն վայրկյան ձգձգումն ավելացնում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների տառապանքը: Վճռական գործողությունների ժամանակը հիմա է»:
![]()