Ո՞վ է«Իմ քայլ»-ի նոր պատգամավորը

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանի՝ մանդատը վայր դնելուց հետո մանդատից հրաժարվեց նաև Արմեն Մկտչյանը, որը, ըստ ցուցակի, պիտի փոխարիներ Թևոսյանին։ Արմեն Մկրտչյանին նախընտրական ցուցակում հաջորդում է Էմմա Պալյանը:

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Պալյանը հաստատեց՝ համաձայնել է վերցնել պատգամավորական մանդատը:

Ամենայն հավանականությամբ, Պալյանը մանդատը կվերցնի երեքշաբթի՝ մարտի 23-ին:

«Ստեղծված իրավիճակում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը ամենաճիշտ լուծումն էր, ըստ իս, ամեն բան կընկնի իր տեղը: Համոզված եմ, որ «Իմ Քայլը» նորից մեծամասնություն է լինելու խորհրդարանում, որովհետև ես ինքս Շիրակի մարզից եմ և, շփվելով մարդկանց հետ, հասկանում եմ, որ այսօր՝ ի դեմս վարչապետի, մեր քաղաքական թիմը ունի մեծ վստահություն: Ես վստահում եմ մեր քաղաքացիներին և գիտեմ, որ ճիշտ ընտրություն կկատարեն՝ անկախ մեր սայթաքումներից կամ հաջողություններից»,- ընդգծեց պատգամավորը:

Պալյանը վստահ է՝ հունիսի 20-ին կայանալիք ընտրությունները անցկացվելու են արդարության ու թափանցիկության սկզբունքով, որը լինելու է շնորհիվ գործող իշխանությունների:

«Ես, լինելով թիմի անդամ, անձամբ ճանաչելով վարչապետին, բացառում եմ, որ ընտրություններում կարող է օգտագործվել վարչական ռեսուրս: Անկախ այն հանգամանքից՝ ես կլինեմ ցուցակում կամ կընտրվեմ, թե՝ ոչ, մինչև վերջ լինելու եմ իմ թիմի, վարչապետիս կողքին»,- ասաց պատգամավորը:

Էմմա Պալյանը 31 տարեկան է, ավարտել է Շիրակի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետը: Մինչ այս՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի օգնականն էր: Պատգամավորի թեկնածու է եղել Գյումրու թիվ 11 ընտրատածքում: Ամուսնացած է, ունի երկու դուստր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ