«Մենք որևէ մեկի առաջ պայման չենք դրել». Վիկտոր Ենգիբարյան

Մենք որևէ պայման չենք դրել: Ընդամենը ասել ենք, որ Ընտրական օրենսգքրի շուրջ քաղաքական դաշտը, հատկապես խորհրդարանական ուժերը գան համաձայնության:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր ԵՆգիբարյանը՝ արձագանքելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի այսօրվա հայտարարությանը:

Հիշեցնենք, Մարուքյանը այսօր լրագրողների հետ զրույցում ասել էր, իշխանությունները «Լուսավոր Հայաստանի» առջեւ պայման են դրել, որ «Ընտրական օրենսգրքի» փոփոխություններին կողմ քվեարկելու դեպքում կգնան արտահերթ ընտրությունների:

«Ճիշտ է, մենք ունենք սահմանադրական մեծամասնություն և կարող ենք ինքներս ընդունել Ընտրական օրենսգիրքը՝ առանց որևէ մեկի հետ քննարկելու, բայց ընտրությունները կլինեն ավելի լեգիտիմ, շատ ավելի քաղաքակիրթ, ընդունելի, եթե ամբողջ քաղաքական դաշտը դրա շուրջ գա համաձայնության: Սա նախապայման չէ: Կարծում եմ՝ Ընտրական օրենսգրքի նախագիծը մյուս շաբաթվա օրակարգի մեջ ընդգրկված կլինի: Նաև քննարկումներից կտեսնեք, որ ընդամենը քաղաքական դաշտից սպասում ենք արձագանք, որովհետև Ընտրական օրենսգիրքը վերաբերում է բոլորին»:

Անդրադառնալով Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանն այն մասին, որ ընդդիմության 80 տոկոսը չի ուզում գնալ արտահերթ ընտրությունների, Ենգիբարյանն ասաց՝ ընդդիմադիրները գիտեն, որ 5 տոկոսի շեմը չեն հաղթահարի: «Այս փուլի համար այդ վիճակը ունիկալ չի: Միշտ էլ ընտրություններին մասնակցում են 10, 12,15 քաղաքական ուժեր, 3-4-ն են հաղթահարում: Իսկ քանի որ կան նորաստեղծ շատ կուսակցություններ, ու կուսակցություններ, որոնք նախկին ընտրություններին ունեցել են լուրջ անհաջողություններ, ենթադրում եմ, որ իրենք չեն ուզի, որ այս փուլում լինեն արտահերթ ընտրություններ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ