![]()
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ ընթացիկ և առաջիկա ծրագրերը քննարկելու նպատակով:
Քննարկմանը մասնակցել են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալները, նախարարության ենթակա կառույցների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք:
Ողջունելով ներկաներին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Կրթության ոլորտում սովորաբար բարեփոխումները տեղի են ունենում մաքսիմալ դժվար, և մեր պարագայում էլ դա բացառություն չէ:
Բայց ուրախ եմ արձանագրել, որ մենք այս ընթացքում իրականացրել ենք և իրականացնում ենք բովանդակային լրջագույն փոփոխություններ՝ մասնավորապես, արդեն կարող ենք արձանագրել, որ ընդունված է նախակրթության չափորոշիչը, հանրակրթության չափորոշիչը: Հիմա աշխատում ենք առարկայական չափորոշիչների վրա և համոզված եմ, որ հաջողությամբ նաև այդ աշխատանքը կիրականացնենք:
![]()