![]()
Ոստիկանության զորքերի ծառայող, կրտսեր սերժանտ Հայկ Գևորգյանը ծնվել էր Աշտարակում՝ 1990 թվականին։ Պարտադիր զինվորական ծառայությունից հետո՝ 2013-2014 թվականներին, ծառայել էր զինված ուժերում։ 2016 թվականից ոստիկանության զորքերում էր։ Պատվով ու մեծ պատասխանատվությամբ Տավուշում շուրջ երկու տարի իրականացրել էր մարտական հերթապահություն։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ լայնածավալ ռազմական գործողություններ սկսվեցին Արցախի դեմ, ոստիկանության զորքերից հերթափոխով մեկնում էին մասնակցելու պաշտպանական մարտերին։ Հայկ Գևորգյանի վաշտը, ծառայողական անհրաժեշտությունից ելնելով, մնացել էր մայրաքաղաքում։ Իսկ օրեր անց Հայկն ու ծառայակից ընկերը՝ Աշոտ Խաչատրյանը, դիմեցին հրամանատարությանը, որ իրենք էլ մեկնեն Արցախ։
«Հոկտեմբերի 28-ին՝ ծառայությունից վերադառնալիս, զանգեց ինձ։ Ասաց՝ արի եկեղեցու մոտ, գնանք մոմ վառենք, վաղը մեկնում եմ Արցախ: Գնացինք եկեղեցի, մոմ վառեցինք: Փայտից խաչ գնեց, որը Տեր հայրը օրհնեց: Կախեց պարանոցին, որպեսզի իր փրկությունը լինի այդ խաչը…»,- պատմում է կինը՝ Անուշ Շամիրյանը։
![]()