![]()
Թումանյանի առաջին ուսուցիչը, որից գրաճանաչություն է սովորել, եղել է նրա կրտսեր հորեղբայրը՝ Գրիշկա բիձան՝ Գրիգոր Թումանյանը (ծնվ․՝ 1850)։ Գրիշկա բիձու դպրոցում ուսուցումն անկանոն է եղել և շուտով դադարել է։ Թումանյանն այդտեղ սովորել է մի քանի ամիս (1877/78 ուս․ տարի), որից հետո ուսումը շարունակել է Սահակ վարժապետի դպրոցում։
Սահակ Տեր-Հովհաննիսյանը Թումանյան ընտանիքի ազգականներից մեկի փեսան էր, որը ևս տիրացու էր։ Սահակ վարժապետի դպրոցի կազմակերպման նախաձեռնողը եղել է բանաստեղծի մայրը։ Նա է խնդրել Սահակին գյուղի երեխաներին կարդալ սովորեցնել։ Դսեղի հասարակությունը, ի դեմս հոգաբարձուների, Սահակ վարժապետի հետ կնքում է պայմանագիր՝ պարտավորվելով նրան վճարել տարեկան 130 ռուբլի։ Համաձայն պայմանագրի՝ աշակերտների թիվը պետք է լիներ 35։
Սակայն աշակերտների թիվն այդքանի չի հասել։ Իր մանկավարժական ըմբռնումներով և մեթոդներով Սահակ վարժապետը նման է եղել տեր-Թոդիկին։ Սահակ վարժապետի դպրոցում Թումանյանը սովորել է մեկ տարուց ոչ ավել (1878/79 ուս․ տարի), որից հետո ուսումը շարունակում է Ջալալօղլիում։
![]()