Թուրքիան մոտենում է միջուկային գծի՞ն

Ռուսաստանն ու Թուրքիան տվեցին 22 միլիարդ դոլար արժողությամբ ատոմակայանի ծրագրի երկրորդ բլոկի շինարարության մեկնարկը: Բլոկները լինելու են չորսը: Ռուսաստանը փաստորեն կառուցում է Թուրքիայի առաջին ատոմակայանը: Սա, իհարկե, միայն բիզնես ծրագիր չէ, այլ աշխարհաքաղաքական նշանակության հանգամանք, որտեղ կա, թերևս, մի բավականին հետաքրքիր նրբերանգ: Բանն այն է, որ խաղաղ միջուկային տեխնոլոգիաների փոխանցումը կարող է դառնալ այսպես ասած ռազմական միջուկային տեխնոլոգիաների շուրջ գործակցության մեկնարկ:

Եվ այդ իմաստով, Թուրքիա-Ռուսաստան ատոմակայանի ծրագիրը ուշադրության է արժանի նաև այդ առումով: Այն, որ Թուրքիան լրջորեն մտածում է միջուկային զենքի մասին, բացահայտ կերպով հայտարարել է այդ երկրի նախագահ Էրդողանը՝ ասելով, որ Թուրքիան արժանի է միջուկային զենք ունեցող տերություն լինելուն:

Թուրքիայի այդ հավակնությունը քաղաքական առումով էապես կախված կարող է լինել Իրանի միջուկային ծրագրի ընթացքից: Եթե Թեհրանին հաջողվի հասնել միջուկային ներուժի, ապա կասկած չկա, որ դա խթանելու է Թուրքիայի հավակնությունը և անգամ որոշակիորեն դառնալու է լրացուցիչ փաստարկ: Այստեղ արդեն կարող է առաջանալ մեկ այլ երևույթ՝ մրցակցություն Թուրքիային ռազմական միջուկային տեխնոլոգիա փոխանցելու համար: Որովհետև, ով փոխանցում է, նա էլ թերևս վերահսկում է այդ տեխնոլոգիան, եթե նկարագրենք փոքր-ինչ պարզունակ ձևով: Ավելին, արդեն այսօր հնարավոր է նշմարել հետաքրքիր գործընթաց: Բանն այն է, որ ձևավորվում է Թուրքիա-Պակիստան ռազմական գործակցություն:

Իսկ Պակիստանն, ինչպես հայտնի է, տիրապետում է միջուկային սպառազինության: Ըստ այդմ, չի բացառվում, որ Թուրքիա-Պակիստան ռազմական գործակցության օրակարգում ոչ միայն կարող է հայտնվել, այլ արդեն իսկ առկա է Թուրքիային միջուկային տեխնոլոգիա փոխանցելու օրակարգ: Հայաստանի համար սրանք, իհարկե, լուրջ մարտահրավերներ են և ռեգիոնալ գործընթացների լրջագույն վերափոխումներ, որոնք պահանջելու են արձագանքի մի շարք սցենարներ:

Միևնույն ժամանակ, այդ սցենարների շարքում պետք է դիտարկել նաև Հայաստանի միջուկային սպառազինության օրակարգի ձևավորում, որն այսօր գուցե թվում է բավականին աներևակայելի հանգամանք, վաղը, սակայն, կարող է լինել անհրաժեշտություն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ