Թուրքական հատուկ ծառայություններին Արցախի ականապատված տարածքների քարտեզ չեն տվել․ հերքում

«ՀԱԼՈ Թրաստ» ընկերությունը հերքում է, թե ղարաբաղյան պատերազմի ընթացքում իրենք թուրքական հատուկ ծառայություններին Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզ են փոխանցել։

««ՀԱԼՈ Թրաստ»-ը տեղյակ է այն պնդման մասին, որ այն 2020 թվականի ղարաբաղյան պատերազմի ընթացքում կամ դրանից առաջ թուրքական ուժերին ականադաշտերի քարտեզներ է փոխանցել։ Ավելի քան 20 տարիների ընթացքում «ՀԱԼՈ Թրաստը»-ը աշխատել է Ղարաբաղում՝ տեղական բնակչության կյանքն անվտանգ դարձնելու համար։ «ՀԱԼՈ Թրաստ»-ը կարողանում է աշխատել հակամարտության գոտիներում ամբողջ աշխարհում միայն այն պատճառով, որ այն ոչ քաղաքական և չեզոք կազմակերպություն է։ Այս պնդումը բացարձակ սուտ է», — նշված է «ՀԱԼՈ Թրաստ» ընկերության տարածած հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը 24News.am-ի հայտնել էր, թե բրիտանական «HALO Trust» ընկերությունը, որն Արցախում զբաղվում էր բարեգործական աշխատանքով, թուրքական հատուկ ծառայություններին է փոխանցել Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզը, որն էլ հնարավորություն է տվել 44-օրյա պատերազմի ժամանակ բարեհաջող հաղթահարել Արցախի ՊԲ-ի պաշտպանական ականապատված տարածքները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ