![]()
Ուշ ժամերին ակտիվ գործունեությունը կարող է խաթարել ԴՆԹ-ի վերականգնման գործընթացները: Այս մասին նախազգուշացնում է Journal of Pineal Research-ում հրապարակված նոր ուսումնասիրությունը:
Medportal.ru-ի փոխանցմամբ՝ գիշերային աշխատանքի ընթացքում արհեստական լույսի ազդեցությունը ճնշում է մելատոնինի՝ կոնաձեւ գեղձի (էպիֆիզի) հորմոնի արտադրությունը, որը մասնակցում է քնի եւ ցիրկադային ռիթմերի կարգավորմանը: Ավելի քան 30 տարի առաջ գիտնականները ենթադրում էին, որ դա կարող է մեծացնել քաղցկեղի զարգացման ռիսկը, բայց ցիրկադային ռիթմերի եւ քաղցկեղի հնարավոր կապի մեխանիզմները ամբողջությամբ նկարագրված չեն:
Որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ քաղցկեղի եւ գիշերային հերթափոխերի միջեւ կապը գոյություն ունի կրծքագեղձի քաղցկեղի, հաստ աղիքի քաղցկեղի եւ շագանակագեղձի քաղցկեղի համար: Սակայն այլ ուսումնասիրությունները նման կապ չեն գտել:
Նոր ուսումնասիրության շրջանակներում գիտնականները փորձ են անցկացրել, որին մասնակցել են 14 առողջ կամավորներ: Նրանց կեսը երկու շաբաթ կանոնավոր գիշերային աշխատանքի պատկեր է ստեղծել (72 աշխատանքային ժամ), իսկ մյուս մասը՝ ցերեկային: Երեք օր անց, փորձի վերջին փուլում, բոլոր մասնակիցները ստիպված են եղել 24 ժամ արթուն մնալ լուսավորված սենյակում: Այս օրերի ընթացքում գիտնականները երեք ժամը մեկ նրանցից արյուն են վերցրել անալիզի համար: Այս ամենօրյա ակտիվությունը պահանջվել է, որպեսզի համեմատվեն մարդկանց կենսաբանական ռիթմերը այն պայմաններում, երբ սովորական արտաքին գործոնները չեն ազդում:
Գիշերային աշխատանքի մոդելավորումը հանգեցրել է քաղցկեղի զարգացման հետ կապված գեների ակտիվացման: Բացի այդ, «գիշերային աշխատանքը» մարդկանց ԴՆԹ-ն ավելի խոցելի է դարձրել վնասվածքների հանդեպ, եւ խախտվել է դրա վերականգնման գործընթացը:
Հետազոտության մասնակիցների արյան սպիտակ բջիջների հետ կապված փորձերը ցույց են տվել նաեւ, որ գիշերը աշխատող մարդկանց արյան սպիտակ բջիջներն ավելի խոցելի են իոնացնող ճառագայթման ազդեցության հանդեպ:
![]()