![]()
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը հայտարարել է, թե Էդմոն Մարուքյանը սեղմել է Նիկոլ Փաշինյանի ձեռքը և հետևաբար մշուշոտ կարիերա է ստեղծում իր ու իր խմբակցության համար։
Ստիպված եմ Արփինե Հովհաննիսյանին հիշեցնել, որ երբ Էդմոն Մարուքյանը 2015թ. սեղմել էր Սերժ Սարգսյանի ձեռքը Սահմանադրական փոփոխությունների ժամանակ` ներկայացնելով իր առաջարկները, այս պետականաքանդ սահմանադրության դեմ այդ նույն բովանդակությամբ ելույթներ էինք լսում Նիկոլ Փաշինյանից և մյուս ընդդիմադիր գործիչներից, առ այն, որ նա չպետք է սեղմեր Սերժ Սարգսյանի մարտի 1-ի արյունով թաթախված ձեռքը։
Այսօր նույն բանը ասում է Արփինե Հովհաննիսյանը երկրի այսօրվա՝ փաստացի մեկ այլ ղեկավարի մասին։
Ինձ հետաքրքրում է, թե ի՞նչն է ձեր և Նիկոլ Փաշինյանի իշխանության տարբերությունը։
Ստացվում է, որ դուք և Նիկոլ Փաշինյանը նույն մշակույթը կրող գործիչներ եք և միշտ խոսում եք կարիերաներից, մինչդեռ մենք խոսում ենք պետությունից և քաղաքացիական համերաշխությունից:
Բայց, ոչինչ։ Մենք կգերադասենք պետությունը մեր կարիերայից, իսկ դուք հոգացեք միայն ձեր կարիերայի մասին։ Ամեն ինչ մարդկային է։
Պատգամավորի գրառմանը պատասխանել է Արփինե Հովհաննիսյանը՝ այն մեկնաբանելով հետևյալ կերպ.
Անի ջան Էդմոնը խնդիր չունի քեզ մեյդան հանել, որ ինձ պատասխանի: Իսկ դուք 5000 երեխու արյուն թափած տականքին ու որևէ այլ քաղաքական գործչի չհամեմատեք: Երկրում ավելի կարևոր գործեր կան, քան ինձ արձագանքելը: Իսկապես ամոթ է: Հա մեկ էլ` մշակույթ, եսիմ ինչ ու նման սիրուն բաները սովորական դեպքերի ու սովորական հակադարձումների համար են հարմար: Ձեր հիմնական խնդիրն այն է, որ այս վիճակը ձեզ համար սովորական քաղաքական առևտուր է: Ի դեպ, որ կարիերայիս մասին մտածեի, վստահաբար ձեզնից բարձր պաշտոն կունենայի:
![]()