Առկա թե հեռակա դասապրոցես․ մանրամասնում է փոխնախարարը

Հայաստանում համավարակի թվերը, ցավոք սրտի, գնալով աճում են։ Դրական ցուցանիշների թիվը սկսում է բարձրանալ, որին զուգահեռ սկսեցին քննարկումներ նոր սահմանափակումների մասով։

Այս պահին ԿԳՄՍՆ-ն ունի՞ հստակ տեղեկություններ՝ այնուամենայնիվ, աշակերտները գնալո՞ւ են դպրոց, թե՞ ոչ․ «Առաջին լրատվական»-ի հարցին ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը պատասխանեց․

«Իհարկե, համավարակի թվերի որոշակի աճ ունենք, և դա չի կարող չմտահոգել մեր հասարակության ցանկացած անդամի։ Բայց ես ուզում եմ բոլորիս հիշեցնել, որ դպրոցներն արդեն իսկ գործում են սահմանափակումներով, և մենք ունենք կարգավորումներ, որոնք վերաբերում են նրան, թե ինչ պայմաններում դպրոցը կարող է անցնել հեռավար ուսուցման։

Ըստ այդմ, կարծում եմ, որ ընտրված մոտեցումն ամենախելամիտն է, որը ոչ թե համակարգի համար ամբողջական որոշում է կայացնում, այլ իրավիճակային որոշումների հնարավորություն է տալիս։ Եթե կան դպրոցներ, որոնք ունեն դեպքերի որոշակի տոկոս, ապա այդ դպրոցները ժամանակավոր հեռավար կրթություն են իրականացնում՝ մինչև իրավիճակը փոխվի և նորից անցնում են առկա ուսուցման։

Կարծում եմ, որ սա այս պայմաններում ամենաօպտիմալ լուծումն է։ Մենք կառավարությունում ունեցել ենք քննարկումներ մեր գործընկերների հետ, և դպրոցների ամբողջությամբ հեռավար անցնելու որոշում չկա։

Շարունակում է գործել առողջապահության նախարարի այն հրամանը, որով կարգավորվում է դպրոցներում այս պայմաններում ուսուցման պրոցեսի կազմակերպումը։ Մենք հիմա կարիք ունենք ևս մեկ անգամ խստորեն հետևելու այն պարզ կանոններին, որ կան՝ դիմակի կրում, ձեռքերի հաճախակի ախտահանում»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ