![]()
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գեղարքունիքի մարզ՝ ընթացիկ և առաջիկա ծրագրերը, ռազմավարական խնդիրները քննարկելու նպատակով: Մարզպետարանում կայացած խորհրդակցությանը մասնակցել են նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, փոխմարզպետները և պաշտոնատար այլ անձինք:
Վարչապետը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղեկցությամբ այցելել է մարզկենտրոն Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոց և ծանոթացել իրականացված վերակառուցման աշխատանքներին։
Դպրոցի հին շենքը կառուցվել է 1967 թվականին։ 2016 թվականին իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ կառույցը խիստ վթարային է և վտանգավոր` դասապրոցես իրականացնելու համար։ Եղել են նաև շենքից քարաթափման դեպքեր, իսկ ներսի պատերը ճաքած էին։ Արդյունքում որոշում է կայացվել հիմնովին վերակառուցել դպրոցը, շինաշխատանքներն ավարտվել են 2020 թվականի վերջում։
Շինարարության մեջ օգտագործվել է մինչև 580 տոննա երկաթյա ամրան, դպրոցը կառուցված է սեյսմակայունության նորագույն պահանջներին համապատասխան՝ սեյսմակայուն մինչև 9 բալ երկրաշարժի դեպքում:
![]()