«Չի կարելի սեփական քաղաքական ամբիցիաների համար զոհաբերել սահմանում ապրող մարդկանց հանգստությունը…». Տավուշի մարզպետ

Մամուլում երեկվանից տեղեկություններ են տարածվում, թե Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում ադրբեջանցիները սահմանային չափագրումներ են կատարում:

Տեղեկությունները հերքեց թե՛ ՀՀ պաշտպանության նախարարությունը եւ թե՛ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը: «Սոցիալական ցանցերով և տարբեր ԶԼՄ-ներով տարածվող տեղեկությունը, թե Տավուշի մարզի մի քանի գյուղերի տարածքում «արդեն երկու օր է՝ մոտ 500 ռուս խաղաղապահներ և ադրբեջանցիներ սահմանի երկայնքով չափագրումներ են անում», բացարձակ մտացածին է և չի համապատասխանում իրականությանը: Եվս մեկ անգամ հորդորում ենք ձեռնպահ մնալ չստուգված, առավել ևս կեղծ տեղեկատվություն տարածելուց»,- մասնավորապես ասված է ՊՆ հաղորդագրությունում:

Տավուշի մարզի վերաբերյալ տարածվող տեղեկությունները, սակայն, այսքանով չսահմանափակվեցին: Երեկոյան ֆեյսբուքյան որոշ օգտատերերի կողմից տեղեկություն տարածվեց, թե Իջևանի ու Շամշադինի ճակատային հատվածում թուրք-ադրբեջանական ծանր տեխնիկայի կուտակումներ են՝ թուրքական դրոշներով: Օգտատերերը հավելում էին, որ Տավուշի 3-րդ բանակային կորպուսում հայտարարված է տագնապ: 102-րդ ռազմաբազայից ռուս զինվորականները ևս Տավուշի տվյալ հատվածում են:

Պաշտպանության նախարարությունը այս տեղեկությունները նույնպես հերքեց՝ հորդորելով զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց:

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն էլ նմանատիպ տեղեկությունների տարածումը անձնական վիրավորանք համարեց իր և Տավուշի բնակիչների նկատմամբ: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա  վստահեցրեց, որ Տավուշում արտառոց ոչինչ տեղի չի ունենում: Նրա հետ զրույցը՝ ստորև.

 Պարոն Չոբանյան, Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ են Տավուշի վերաբերյալ նման տեղեկություններ տարածվում:

— Այդ հարցի պատասխանը դժվարանում եմ տալ: Ենթադրում եմ, որ կրկին, ինչպես նախորդ անգամները, ինչ-որ անպատասխանատու հարթակներում եղել է նմանատիպ տեղեկատվություն, որը բացարձակ ստախոսություն է և իրականության հետ աղերս չունի: Այդ տեղեկատվությունը տարածել են մարդիկ, ովքեր պղտոր ջրում ձուկ են որսում՝ չմտածելով դրա հետևանքների մասին: Չի կարելի սեփական քաղաքական ամբիցիաների, ինքնահաստատմանը հասնելու համար զոհաբերել շատ կարևոր հանգամանքներ, որոնցից է ազգային անվտանգությունը, սահմանների պաշտպանությունը, սահմանում ապրող մարդկանց հանդարտությունը և հանգստությունը: Կոչ եմ անում, որ հետայսու նմանատիպ վարքագիծ դրսևորելուց առաջ այդ մարդիկ այս երևույթների մասին մտածեն: Ցավոք սրտի, մեր հերքումները շատ ավելի դանդաղ են տարածվում, քան պրովոկացիաները: Սրա մասին պետք է մտածենք, թե ինչու է այդպես: Կարծում եմ՝ դա ցույց է տալիս, որ այդ գործողությունները ոչ թե ինչ-որ մարդկանց առանձին, վարքագծային գործողություններ են, այլ ընդհանուր համակարգված միջոցառում:

Այսինքն՝ տարածվող տեղեկությունները որևէ հիմք չունե՞ն:

— Բացարձակ որևէ հիմք չկա: Այդ առումով եղել են բոլոր պաշտոնական հայտարարությունները բոլոր իրավասու հաստատությունների կողմից՝ պաշտպանության նախարարությունից մինչև համայնքապետարան:

 Այս պահին ի՞նչ իրավիճակ է հայադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում:

— Որևէ արտառոց բան չի եղել և չկա՝ բացի նրանից, որ երեկ փորձել են խուճապ մտցնել այդ տարածքներում: Ցավոք սրտի, մենք այդ երևույթը չենք կարողացել հաղթահարել: Հուսով եմ, որ այսօր ևս համայնքներում իրականացվող աշխատանքների շնորհիվ, մեդիադաշտում հրապարակումների շնորհիվ մենք այդ խուճապը կարող ենք իջեցնել և հնարավորություն տալ մարդկանց, որպեսզի զբաղվեն բուն գործով, զբաղվեն երկիրը կառուցելով, զբաղվեն իրենց աշխատանքով, և խաղաղություն տիրի մեր համայքներում, մեր բնակիչների մոտ, որը կար վերջին ամիսների ընթացքում:

 Ի՞նչ աշխատանքներ են իրականացվում համայնքներում:

— Հանդիպումներ են լինում համայնքներում համայնքապետերի ուժերով և մարզպետարանի, զրույցներ են լինում մարդկանց հետ, որպեսզի օր առաջ կարողանանք այս խուճապային տեղեկատվությունը արմատախիլ անել:

— Ի՞նչ իրավիճակ է Տավուշի մարզումԱզատամուտ համայնքումԲնակչության շրջանում ի՞նչ տրամադրություններ են տիրում:

— Ես ավելի շատ դա կարող եմ բնութագրել որպես դժգոհություն վերջին օրերի աժիոտաժի վերաբերյալ: Մնացած ամբողջը նույնն է: Հույս ունեմ՝ ամեն ինչ արագ կվերականգնվի, հատկապես այս տոնական օրը, երբ մարդիկ պետք է շնորհավորեն իրենց մայրերին, իրենց կանանց, իրենց քույրերին: Շատ վատ է, որ այս օրով մարդկանց մտահոգությունները այլ դաշտում են:

Տավուշի մարզպետարանը երեկվա հրապարակումներից հետո տեսանյութ է տարածել՝ ցույց տալով Ազատամուտ համայնքի առօրյան: «Դուք լինեիք մեր տեղը՝ ոնց կվերաբերվեիք: Չի կարելի, չէ՞»: «100 տոկոս սուտ ա», «Եթե մենք մեր տեղում ենք, ուրեմն ոչինչ չկա»,- ասում էին Ազատամուտ համայնքի բնակիչները՝ անդրադառնալով համացանցում տարածվող տեղեկություններին:

«Ստահոդ լուրեր են տարածվել, թե իբր չափագրումներ են արվում: Որևէ նման բան չկա, համայնքը իր բնականոն հունով, բնականոն կյանքի մեջ է, մարդիկ իրենց առօրյա խնդիրներով են ապրում, երեխաներն էլ հանգիստ շրջում են համայնքում: Տարածքում ո՛չ դրոշ կա տեղադրված, ո՛չ էլ ադրբեջանցիներ կան»,- ասում էր Ազատամուտի համայնքապետ Արթուր Բեգինյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը, որը երեկ մեկնել էր Տավուշի մարզ՝ իրավիճակին ծանոթանալու, նույնպես արտառոց ոչինչ չէր ֆիքսել: Նրա հետ Տավուշ էր մեկնել նաև նույն խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը:

«Մենք այս պահին շրջում ենք մարզում: Այս պահին Ոսկեպարում ենք, ոչ մի արտառոց բան դեռևս չենք նկատել: Ամբողջ օրվա ընթացքում պտտվելու ենք գյուղերում, եթե ինչ-որ արտառոց բան լինի, ֆեյսբուքյան էջի միջոցով կտեղեկացնենք»,- «Հայկական ժամանակ»-հետ զրույցում ասաց պատգամավորը:

Նա նաև տեղեկացրեց, որ Ազատամուտ համայնքում երեկ երեկոյան են եղել. այնտեղ նույնպես արտառոց ոչինչ չեն նկատել. այսօր երեկոյան ևս մեկ անգամ լինելու են այդ համայնքում:

Աղբյուրը՝ ArmTimes

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ