![]()
«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը։
– Ինչպիսի՞ն է ձեր դիրքորոշումը Արցախում ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ տալու նախաձեռնության հետ կապված: Որպես մշակույթի նախարար՝ դուք ի՞նչ կարծիք ունեք, վտանգներ տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ:
– Վտանգներ ընդհանրապես չեմ տեսնում, որովհետև այն չի կարող մտնել հատկապես Արցախի կրթության համակարգ:
– Այդուհանդերձ, մտահոգություններ էին հնչում նաև Արցախի պետական համալսարանից, մի խումբ դասախոսներ էին հայտնում այդ մտահոգությունները:
– Հիմա այստեղ իրողությունները լրիվ փոխված են: Հիմա իրականությունն այնպիսին է, որ ինչ-որ տեղ պարտադիր է ռուսերենը որպես պաշտոնական լեզու դիտարկելը, որովհետև մենք շփվում ենք, առնչվում ենք ռուսների հետ: Սկզբից, իհարկե, ինձ մոտ էլ ինքնապաշտպանական մեխանիզմը սկսեց գործել, միակ բանը, որին ես կողմ չեմ, այն է, որ մի քիչ արագ տարվեցինք դրանով: Գուցե մի քիչ շտապեցինք: Այդուհանդերձ, ռուսերենը պետական լեզու չի դառնում, պաշտոնական լեզու է, իսկ հայերենը Արցախի Սահմանադրության մեջ ամրագրված է որպես պետական լեզու: Այս նախագծով որպես պաշտոնական լեզու հայերենին ավելանում է ռուսերենը, որը, կարծում եմ՝ էական նշանակություն չի կարող ունենալ Արցախի լեզվական քաղաքականության համատեքստում:
– Պաշտոնական շփումներում որևէ դժվարություն կա՞, օրինակ, խաղաղապահների հետ, որ ստիպված են եղել նման նախաձեռնությամբ հանդես գալ:
– Պաշտոնական շփումներում մենք չենք կարող հայերեն շփվել: Հիմա ինտենսիվ նամակագրություն կա խաղաղապահների հետ, որն իրականացվում է ռուսերենով: Օրինակ՝ ես օրեր առաջ ՌԴ կրթության նախարարին նամակ եմ գրել: Իհարկե, ռուսերենով եմ գրել: Ես մտահոգություններ չունեմ այն առումով, որ մեր բուհերում և դպրոցներում ռուսերենի ժամաքանակը չի փոխվում:
Նույնիսկ եթե այստեղ ռուսական դպրոց բացվի, այստեղ ամեն ինչ հայագիտությամբ այնքան ներծծված է, որ ես չեմ կարծում, որ դա կարող է ազդել հայրենասիրության վրա: Իմ խորին համոզմամբ, դա չի կարող ազդել, որովհետև հանրակրթության ոլորտ և բարձրագույն կրթության ոլորտ դա չի մտնում, միայն պաշտոնական գրագրության մեջ է դա լինելու։
![]()