![]()
ԱՀ գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը հանձնարարական է տվել գլխավոր դատախազի տեղակալներին, գլխավոր դատախազության բաժինների պետերին, Ստեփանակերտ քաղաքի և շրջանների դատախազներին ու դատախազության աշխատակազմի ղեկավարին՝ դատախազության ծառայողական ավտոմեքենաների օգտագործման վերաբերյալ:
Այս մասին տեղեկացնում է Արցախի դատախազությունը:
Համաձայն հանձնարարականի՝ այսուհետև դատախազության հաշվեկշռում գտնվող ծառայողական ավտոմեքենաները կշահագործվեն միայն դատախազության վարորդների վարմամբ՝ բացառությամբ այն շրջանների դատախազների, որոնք բնակվում են տվյալ շրջանի տարածքից դուրս` իրենց բնակության վայր և բնակության վայրից աշխատավայր մեկնելիս:
Խստիվ արգելվում է ծառայողական ավտոմեքենաներն աշխատանքային ժամերից դուրս կամ ոչ աշխատանքային օրերին վարելը` բացառությամբ դատախազության բնականոն գործունեության ապահովման համար անհետաձգելի դեպքերի:
«Ծառայողական նպատակներով դատախազությունից այլ վայր մեկնելու անհրաժեշտության դեպքում դատախազները կօգտվեն դատախազության աշխատակազմի ղեկավարի կողմից դրա համար առանձնացված ծառայողական մեքենաներից:
Հանձնարարականի համապատասխան կետերի պահանջների խախտում թույլ տված անձինք կենթարկվեն կարգապահական պատասխանատվության «Դատախազության մասին» ԱՀ օրենքով և ԱՀ գլխավոր դատախազի հրամանով սահմանված կարգով»,-ասված է դատախազի հանձնարարականում:
![]()