«Հոկտեմբերի 27-ն ունի կազմակերպիչներ, ունի տնտեսական և քաղաքական բաղադրիչներ…». Արամ Սարգսյան

Տարածաշրջանը հանգիստ չէ, բարեկամներն էլ շատ չեն: Եռաբլուրից Արամ Սարգսյանը կոչ է անում լուրջ հետևություններ անել: Ցավով է նշում՝ հոկտեմբերի 27-ի անպատժելիությունը նոր հանցագործություններ ծնեց:

Արամ Սարգսյան, «Հանրապետություն» կուսակցության նախագահ — Հհոկտեմբերի 27-ն ունի կազմակերպիչներ, ունի տնտեսական և քաղաքական բաղադրիչներ:

Հոկտեմեբրի 27-ի բոլոր մեղավորները կալանավորված են, թե… Արամ Սարգսյանը հիշեցնում է՝ այն ժամանակվա «Հանրապետական» կուսակցության լիդերները՝ սկսած Անդրանիկ Մարգարյանից մինչև Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյան, ասել են, որ կազմակերպիչներ, իհարկե, կան: Մինչդեռ Ռոբերտ Քոչարյանը ոճրագործությունից հետո հայտարարեց՝ կազմակերպիչները հինգն են և վերջ:

Արամ Սարգսյան — ԱԺ մտնել և պետական իշխանության վրա կրակելը ռոմանտիզմ է, այդ մարդիկ այսօր էլ շարունակում են իրենց գործը՝ ռոմանտիկներին ռոմանտիկության մղել, ինչը շատ վտանգավոր եմ համարում:

Հոկտեմբերի 27-ի անպատժելության հետևանքը Մարտի մեկն էր: Զենքով, զորքով քաղաքական խնդիր լուծելը Արամ Սարգսյանն անթույլատրելի է համարում: Բանակը հանել սեփական ժողովրդի դեմ, արդյունքում՝ 10-ը զոհ: Սահմանադրությունը սահմանում է՝ բանակն իրավունք չունի քաղաքական տեսակետ հայտնել: Սարգսյանի դիտարկմամբ՝ Գլխավոր շտաբի հայտարարությունը հեղաշրջման փորձ էր: Զինվորականը կարող է տեսակետ հայտնել, բայց առանց ուսադիրների: Նրա խոսքով՝ այս դեպքում տեսնում է կողքից քաղաքական «բզբզողների», որոնք չեն թաքցնում հեղաշրջումների, Երևանում զորքեր տեսնելու հանդեպ իրենց հակվածությունը:

Արամ Սարգսյան — Կարող է նույնիսկ հանրահավաքներ անել, այդ հանրահավաքները տանել կառավարական շենքերի դիմաց, բայց եթե զինվորական է, իրավունք չունի:

Պատերազմից հետո ներքաղաքական ճգնաժամի լուծումն ընտրություններն են: Ընդդիմության այն հայտարարություններին, թե ընտրության արդյունքները կարող են կեղծվել, Արամ Սարգսյանն արձագանքում է՝ իրենց իշխանության օրոք են ընտրությունները միշտ կեղծվել:

Արամ Սարգսյան — Իրենց կեղծած ընտրությունների արդյունքում Մարտի մեկ է տեղի ունեցել, 2008-ի կեղծիքի հետևանքն էր, որ ժողովուրդը մերժեց իրենց և դուրս եկավ փողոց, նաև իրենք են ասել՝ Նիկոլը ճիշտ էր, մենք սխալվեցինք:

Անպատժելիությունը ծնելու է նոր հանցագործություններ՝ Արամ Սարգսյանի հետ համամիտ է Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը: Այս համատեքստում նա կարևորում է դատական համակարգի առողջացումը, որի համար, նրա կարծիքով, բազմաթիվ գործիքներ կան: Իսկ եթե քայլեր չլինեն, ստիպված են ժողովրդավարությունը պաշտպանել դատական համակարգից:

Արման Բաբաջանյան, ՀՀ ԱԺ պատգամավոր — Մի համակարգ, որի ներկայացուցիչը՝ ԲԴԽ նախագահը, թույլ է տալիս քաղաքական հայտարարություններ:

Որպես փաստացի ապացույց նշում է խորհրդարան և կառավարություն ներխուժումը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի դեմ մահափորձը: Ոչ ոք չի կալանավորվել: Պատգամավորը վստահ է՝ դատական համակարգը համակարգված աշխատանք է տանում պետության դեմ: Հանդուրժել՝ կնշանակի նպաստել հակապետական արշավին՝ ասում է Բաբաջանյանը;

Արման Բաբաջանյան — Թույլ չտանք, որ Վարդազարյանի նման մակաբույծներն ավելի շատ դերակատարություն ունենան դատական համակարգի վրա, քան այն պետականամետ դատավորները, որ մեզ օդ ու ջրի պես անհրաժեշտ են:

Արամ Սարգսյանը տարակուսած է՝ մարդիկ դեռ հողին են հանձնում հերոս որդիներին, իսկ մի քանի կիլոմետր հեռավորության վրա շատերն այս ողբերգություները քաղաքական խաղաթուղթ են դարձրել: 21-րդ դարը մերն է լինելու՝ վստահ էր Սպարապետը. Արամ Սարգսյանը հիշում է եղբոր մեկ այլ խոսք՝ Հայաստանը բառերով սիրելու երկիր չէ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ