![]()
ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Հերիքնազ Տիգրանյանի կարծիքով՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն իր հայտարարությամբ հատել է քաղաքական չեզոքության թույլատրելի սահմանագիծը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Տիգրանյանն ասաց Ազգային ժողովի նիստի ընթացքում:
«Բարձրագույն դատական խորհրդի նախագահը կոչով կամ հայտարարությամբ հանդես գալու որևէ իրավունք չունի: Նա չէր կարող կոչով կամ հայտարարությամբ դիմել հանրությանը:
Հետևաբար, այս գործողությունը կատարելիս, պարոն Վարդազարյանը վերազանցել է իր լիազորությունները և իր հայտարարությամբ հատել է քաղաքական չեզոքության թույլատրելի սահմանագիծը՝ հստակ ուղղորդելով դատավորներին՝ ինչպես վարվել կոնկրետ գործեր քննելիս և ինչ վարքագիծ դրսևորել արդարադատություն իրականացնելիս»,- ասաց Տիգրանյանը:
Մարտի 3-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը վստահեցրել է, որ ավելի վաղ դատավորներին ուղղված իր հայտարարությունը պարզապես եղել է զսպվածության և սթափության կոչ:
![]()