![]()
Ազգային ժողովի պատգամավորները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության ժողովրդին, որն իր քվեն տվել է մեզ, որ մենք բարձրացնենք իրենց հուզող հարցերը։ Այս մասին, այսօր՝ մարտի 3-ին, ԱԺ-ում դիմելով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին, նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը:
«Հայաստանի Հանրապետության քաղաքացուն այսօր շատ է հուզում դատական իշխանության հետ կապված հարցերը և այդ հարցերը նրանք ձեզ տալու հնարավորություն չունեն, որովհետև ձեզ ուղղակի չեն կարող տեսնել, դուք դուրս չեք գալիս փողոց, չեք շփվում մարդկանց հետ, և մարդիկ մեր միջոցով ցանկանում են իրենց հարցերն ուղղել ձեզ, իսկ դուք ասում եք, որ կաշկանդված եք, չեք կարող պատասխանել հարցերի, բայց Ազգային ժողովի ամբիոնին կանգնած յուրաքանչյուր բարձր պաշտոնյա պետք է պատասխանի պատգամավորների հարցերին։
Դուք երեկ ասացիք, որ տեղյակ չեք Ազգային ժողովի պատգամավոր Արարատ Միրզոյանի մահափորձի գործին։ Հետևաբար՝ ես եզրակացնում եմ, որ դուք տեղյակ չեք վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ կազմակերպած սպանության գործին։ Դուք ծանոթ չեք այն բոլոր հրապարակային բռնության կոչերին, որոնց հիման վրա հարուցվել են քրեական գործեր, որովհետև երեկ դուք դրա մասին ասացիք։ Եթե տեղյակ չեք այս գործերին, ինչո՞ւ էիք սթափեցման կոչեր անում դատավորներին, ինչու էիք զսպան կոչով հանդես գալիս»,- ասաց նա։
Ի պատասխան Ռուբեն Վարդազարյանն ասաց․ «Ես ամեն օր դուրս եմ գալիս փողոց, տեսնում եմ ժողովրդին և պատասխանում եմ բոլոր այն հարցերին, որոնք ինձ ուղղում են ժողովուրդը և լրգրողները։ Չկա մի լրագրող, որի հարցին ես չեմ պատասախանել։ Վստահ եմ, որ լրագրողները նույնպես տալիս են ժողովրդին հուզող հարցերը։ Քրեական գործերին, այո, ծանոթ չեմ։ Հակառակը՝ ծանոթ լինելու դեպքում դրան կհետևեր քրեական պատասխանատվություն։ Ես ի պաշտոնե իրավունք չունեմ ծանոթանալու քրեկան գործի նյութերին։ Կոչը արեցի, որովհետև զգացի, որ կրքերը լարված են, և փորձեցի այդ կրքերը հանդարտեցնել»։
Արփի Դավոյանն ի պատասխան խնդրեց պատասխանել , թե ինչո՞ւ էին կրքերը լարված ,ի՞նչ էր պատահել դատավորների, ինչո՞ւ պետք է նրանք զպվեին։
ԲԴԽ նախագահը հրաժարվեց պատասխանել․ «Երեկ ես այս հարցերին ամբողջությամբ պատասխանել եմ։ Չեմ ուզում կրկնվել և ձեր ժամանակը վատնել»։
Անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը տեղից միջամտեց՝ ասելով, որ քիչ է մնում հարցնեն՝ ինչո՞ւ է աղմկում գետը։
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ի պատասխան ասաց․ «Ես ձեր հարցերի խորությունը մշտապես նկատել եմ, բայց ձեր գետի և մնացածի հետ կապված խնդրում եմ տեղից չխոսել»։
Նշենք՝ ավելի վաղ «Իմ քայլից» Արթուր Հովհաննիսյանը ԲԴԽ նախագահից հետաքրքրվել էր, թե «էլ ինչ պետք է լիներ, որ մենք չմտածեինք, որ Ձեր նոյեմբերի 15–ին արված հայտարարությունը քաղաքական էր»։ Ի պատասխան ԲԴԽ նախագահն ասել էր, որ ԲԴԽ–ն, ԲԴԽ–ի նախագահը եւ դատական իշխանությունը հաշվետու չեն ԱԺ–ին, հետեւաբար ինքը պարտավորություն չունի պատասխանել քաղաքական բնույթի հարցերին։
ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը նոյեմբերի 15–ին հայտարարությամբ էր հանդես եկել, որում նաեւ ասվում էր.
«Այսօր է, թերեւս, առարկայական ու վերջնական տրվելու շուրջ երկու տարի ողջ հանրությանը ալեկոծած եւ դատավորներիս համար ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը. մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»։
Հիշեցնենք նաեւ, որ «վնգստացող դատավորներ» որակումը 2019թ.–ի մայիսին տվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
![]()