![]()
ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը ԱԺ ամբիոնից հրաժարվում է պատասխանել իշխող ուժի քաղաքական հարցերին։ Նա այդ մասին ասաց ի պատասխան իմքայլական Արթուր Հովհաննիսյանի հարցին, թե «էլ ինչ պետք է լիներ, որ մենք չմտածեինք, որ Ձեր նոյեմբերի 15–ին արված հայտարարությունը քաղաքական էր։
«Երեկ ես եւս մեկ անգամ ուսումնասիրեցի Դատական օրենսգիրքը, ԱԺ–Կանոնակարգ օրենքը եւ տեղեկացնում եմ ձեզ, որ ԲԴԽ–ն, ԲԴԽ–ի նախագահը եւ դատական իշխանությունը հաշվետու չեն ԱԺ–ին, հետեւաբար ես պարտավորություն չունեմ պատասխանել քաղաքական բնույթի հարցերին։ Պատրաստ եմ պատասխանել բոլոր այն հարցերին, որոնք վերաբերում են են այն թեկնածուներին, որոնց ներկայացնելու համար ես ներկայացել եմ ԱԺ»,– ընդգծեց ԲԴԽ նախագահը։
Նշենք, որ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը նոյեմբերի 15–ին հայտարարությամբ էր հանդես եկել, որում նաեւ ասվում էր.
«Այսօր է, թերեւս, առարկայական ու վերջնական տրվելու շուրջ երկու տարի ողջ հանրությանը ալեկոծած եւ դատավորներիս համար ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը. մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»։
Հիշեցնենք նաեւ, որ «վնգստացող դատավորներ» որակումը 2019թ.–ի մայիսին տվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
![]()