Ով վեր է կենում, իմ հրաժարականն է պահանջում. վարչապետն ասաց, որ դեպքում հրաժարական կտա

«Ով վեր է կենում, իմ հրաժարականն է պահանջում: Նորմալ է, բայց թող ժողովուրդը իմ հրաժարականը պահանջի, ես վեր կենամ, գնամ իմ գործերին: Թող ժողովուրդը ինձ դատապարտի, թող ժողովուրդը հրապարակում ինձ գնդակահարի»:

Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետը: Նա նաեւ անդրադարձավ պատերազմի հետ կապված որոշ հարցերի:

«Նրանք փորձում են ինձ մեղադրել դավաճանության մեջ, բա ի՞նչ գործ ունի դավաճանի կոչով այսքան մարդ հրապարակում: Նրանք փաստացի ձեզ են ուզում մեղադրել դավաճանության մեջ»,- ընդգծեց Փաշինյանը՝ հավելելով, որ դավաճանները 17 ուժերն են, որոնց վարչապետի թեկնածուն ասում էր՝ դեռ հոկտեմբերին զանգել է բանակի ղեկավարներին, ասել՝ իշխանությունը վերցրեք:

Ըստ վարչապետի՝ նրանք անընդհատ բանակին կոչ են արել կռվել ոչ թե թուրքի դեմ, այլ սեփական ժողովրդի:

«Զինվորի հացը գողացողը եկել է զինվորին հաց տվողին, շոր տվողին, աշխատավարձը բարձրացնողին դավաճանության մեջ է մեղադրում: ….Նրանք երկու տարի է՝ մեզ մեղադրում են հող հանձնելու մեջ, բայց ընդամենը երկու օր առաջ կամ մի քանի օր առաջ մերժվածը հրապարակայնորեն որպես հպարտության նշան ասում է, որ ինքը համաձայնել էր 7 շրջանները հանձնել Ադրբեջանին: Բա որ դուք ամեն ինչ պայմանավորվել էիք արդեն կամ բանակցությունները տարել էիք էնտեղ, որ խոստովանում եք, որ ընդունել եք այդ պայմանները եւ համարում էիք, որ դա լավ լուծում է, ինչո՞ւ էիք մեզ մեղադրում հող հանձնելու մեջ, բաց նամակներով հանդես գայիք, ասեիք՝ գնա ստորագրիր էդ թուղթը»,- դիմելով ընդդիմադիրներին՝ ասաց ՀՀ վարչապետը:

Այնուհետեւ ընդգծելով, որ ժողովուրդը հոգնել է այս շարունակական անկայունություններից՝ Փաշինյանն ասաց, որ երկրում պետք է ժողովրդի իշխանությունը կասկածի տակ չդրվի, երկիրը բռնության, ապօրինության, սադրանքների, քաղաքացիական պատերազմի մեջ ներքաշելու փորձերը պետք է խստորեն կասեցվեն ԱԱԾ-ի, ոստիկանության եւ ժողովրդի կողմից:

Վերադառնալով իր հրաժարականի թեմային՝ Փաշինյանը նշեց. «Ձեր մոտ հարց կծագի՝ էդ պատերազմից հետո, օրինակ, չե՞մ մտածել, որ պետք է հրաժարական տամ: Ես ուզում եմ ձեզ անկեղծ ասեմ՝ մտածել եմ, շատ եմ մտածել, բայց ես ասել եմ մի բան. ես իմ կամքով, ինքնակամ չէ, որ դարձել եմ ՀՀ վարչապետ, ժողովուրդն է որոշել, որ ես դառնամ ՀՀ վարչապետ, եւ ժողովուրդը պետք է իմ հեռացման հարցը որոշի»:

Վարչապետն ասաց, որ դրա համար էին առաջարկել խորհրդարանական ընտրություններ, բայց 17 ուժերը մերժեցին այդ առաջարկը: Նա, սակայն, արձանագրեց, որ այդ առաջարկն ուժի մեջ է:

Փաշինյանն անդրադարձավ նաեւ «թավիշին», որի մեջ ամենաշատն է մեղադրվում իր ղեկավարած Կառավարությունը:

Վարչապետը հիշեցրեց, որ երբ հեղափոխություն են արել, ասել են, որ դա պետք է լինի սիրո եւ հանդուրժողականության հեղափոխություն, ասել են՝ բոլորը շանս պետք է ունենան.

«Բայց ով ոնց կարողացել է, մեզ թիկունքից խփել է, դատավորները խփել են, պետական պաշտոնյաները խփել են, ով ոնց կարողացել է, կներեք արտահայտությանս համար, պադնոժկա է արել, եւ պատերազմի ժամանակ էլ նրանք ամեն օր երազում էին մեր բոլորիս պարտությունը, որ ամսի 9-ին մտնեն այ էդ շենք եւ ժողովրդի իշխանությունը վերցնեն իրենց ձեռքը»,- ընդգծեց Փաշինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ