Երեխա ունեցող ընտանիքներին բնակարանով ապահովելու կառավարության ծրագիրն արդեն ունի 650 շահառու

Նախորդ տարվա հուլիսից մեկնարկած Երեխա ունեցող ընտանիքներին բնակարանով ապահովելու եռամյա ծրագիրն իրագործման փուլում է: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են՝ ծրագրից հիմնականում օգտվում են այն ընտանիքները, որոնք ունեն վարկ, երեխան էլ ծնվել է 2020-ի հուլիսի 1-ից հետո:

Հասմիկ Թադևոսյան — Ամեն պուճուրիկ տան ուրախությունն է, ես ինքս երեքն եմ ուզում, դեռ երկուսն էլ ունենալու եմ:

Փոքրիկ Յանայի ընտանիքը ևս այդ ծրագրի շահառուներից է:

Հասմիկ Թադևոսյան — Մենք դիմել ենք, մեզ պետությունը տրամադրել է բալիկի ծնվելուց հետո, 500 հազար դրամ փոխհատուցել է բանկին, որտեղից որ մենք մեր տունն էինք գնել:

Գայանե Ղարագյոզյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ԿՍԱԳՀ խորհրդական) — Ծրագրերը հիմնականում միտված են հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերող կամ ձեռք բերած և անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած շահառուներին:

Ընտանիքում նոր երեխա ծնվելու դեպքում դրամական աջակցությունն ուղղվում է արդեն գործող հիփոթեքային վարկի մնացորդային մայր գումարի մարմանը։

Գայանե Ղարագյոզյան — Աջակցությունը տրվում է, եթե երեխայի ծնված հաջորդ ամսվա 1-ի դրությամբ առկա է 12 ամիս մարում, և այստեղ արդեն պետությունը առաջին և երկրորդ երեխաների դեպքում մայր գումարից 5 և 10 տոկոս` կախված, Երևանո՞ւմ է, թե՞ մարզում, բայց ոչ ավելի, քան 500 հազար, և երրորդ երեխայի դեպքում՝ 25 կամ 50 տոկոս՝ ոչ ավելի, քան 2 միլիոն դրամի մարում է կատարվում մայր գումարի վարկից:

Միանվագ դրամական աջակցության դեպքում մարզի առնվազն երկու երեխա ունեցող ընտանիքները ստանում են կանխավճար՝ բնակարանի արժեքի 5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 1 միլիոն դրամ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ