Պատերազմն իրականում 2018 թվականին ազդարարել է հենց Սերժ Սարգսյանը

Պատերազմն իրականում ազդարարել է Սերժ Սարգսյանը: 2018 թվականի ապրիլին որպես վարչապետի թեկնածու ԱԺ-ում հանդես գալով՝ Սերժ Սարգսյանը խորհրդարանի ամբիոնից արել է երկու արձանագրում.

Արձանագրում թիվ 1.

Պատգամավոր Կարեն Բեքարյանի հարցին ի պատասխան ասել է. «Բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, բայց ավելի հստակ կարելի է ասել, որ այդ բանակցային գործընթացն ուղղակի կանգնած է: Կանգնած է, որովհետև բանակցությունների արդյունքից Ադրբեջանի ղեկավարության ակնկալիքներն անիրատեսական են, անընդունելի մեզ համար»:

Արձանագրում թիվ 2.

Պատգամավոր Սամվել Նիկոյանի հարցին ի պատասխան ասել է. «Շատ տևական ժամանակ երբեք մենք չպետք է հույս փայփայենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը թողնելու է իր ուխտադրուժ մոտեցումները, թողնելու է իր ցանկությունը՝ ուժով լուծելու ԼՂ հիմնախնդիրը»:

Այսինքն, 2018 թվականին Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ բանակցություններով հարցի լուծման հնարավորություն չկա, իսկ Ադրբեջանը մեծ հավանականությամբ կփորձի հարցը լուծել պատերազմի միջոցով:

Հեղափոխությունից հետո ձևավորված կառավարությունն էլ իր հերթին արել է այս արձանագրումը և էական գործողություններ արել բանակի մարտունակությունը բարձրացնելու համար:

2020 թ․-ին 2018թ․-ի համեմատ Հայաստանի պաշտպանական բյուջեն աճել է 23%-ով: Ձեռք է բերվել ահռելի քանակությամբ զենք-զինամթերք, բարձրացվել է սպայական, ենթասպայական, պայմանագրային-շարքային կազմի աշխատավարձը, զինվորների սննդի նոր համակարգ է ներդրվել: Պաշտպանության նախարարությունում և Զինված ուժերի գլխավոր շտաբում նույնիսկ զենքի ձեռքբերման համակարգում հեղափոխական փոփոխություններ չեն իրականացվել: Դա արվել է մի նկատառումով՝ համակարգերը ցնցումների չենթարկել, որովհետև պատերազմ կարող է սկսվել ցանկացած պահի:

Գործող կառավարությանը հաջողվել է Սերժ Սարգսյանի հայտարարած պատերազմը հետաձգել երկու տարի: Կարելի՞ էր ավելի հետաձգել: Հարցը պատասխան չունի:

Իսկ պատերազմը կանխելու ձևը ո՞րն էր: Ադրբեջանի մաքսիմալիստական ու անընդունելի պահանջներն ընդունե՞լը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ