Վատիկանում կորոնավիրուսի դեմ չպատվաստվածները կկորցնեն աշխատանքը

Վատիկանը տեղեկացրել է իր աշխատակիցներին, որ նրանք կկորցնեն աշխատանքը, եթե առանց հարգելի պատճառի հրաժարվեն կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց,- հայտնում է Reuters-ը:

Կարդինալ Ջուզեպպե Բերտելլոյի՝ Վատիկանի փաստացի ղեկավարի հրամանագրում նշվում է, որ «պատվաստումը «պատասխանատու ընտրություն է՝ մյուսներին ռիսկի չենթարկելու համար»:

Աշխարհի ամենափոքր պետությունում՝ Վատիկանում, որը քառասուներեք հա հողատարածք է զբաղեցնում, աշխատում է մի քանի հազար մարդ, որոնց մեծ մասն ապրում է Իտալիայում:

Այստեղ պատվաստման ծրագիրը սկսվել է հունվարին, իսկ 84 տարեկան Ֆրանցիսկոս պապը պատվաստվողներից առաջինն է եղել: Հրամանագրում նշված է, որ այն աշխատողները, ովքեր առողջական խնդիրների պատճառով չեն պատվաստվի, կանցնեն այլ աշխատանքի, որը կենթադրի ավելի քիչ շփում մարդկանց հետ: Բայց անգամ, եթե նրանց պաշտոնը նվազեցվի, նրանք կստանան նույնքան աշխատավարձ:

Միևնույն ժամանակ, փաստաթղթում շեշտվում է, որ ովքեր առանց լուրջ պատճառի կհրաժարվեն պատվաստումից, կենթարկվեն աշխատողների իրավունքների և պարտականությունների մասին 2011 թվականին ընդունված օրենքին:

Դրա հոդվածներից մեկում ամրագրված է, որ եթե աշխատողները խուսափում են կանխարգելիչ միջոցառումներից, ապա դրա հետևանքները կարող են հանգեցնել աշխատանքից ազատման: Ֆրանցիսկոս պապը կորոնավիրուսի տարածումը կանխարգելող պատվաստանյութի ակտիվ կողմնակիցներից մեկն է:

«Դա էթիկայի ընտրություն է, քանի որ դուք խաղում եք ձեր առողջության հետ, միևնույն ժամանակ դուք վտանգում եք մյուսների առողջությունը»,- ասել է պապը հունվարին: Վատիկանը պարտադիր պատվաստում է սահմանել լրագրողների համար, քանի որ նրանք հաջորդ ամիս ուղեկցելու են պապին Իրաք ուղևորության ժամանակ:

Վատիկանում կորոնավիրուսի երեսունից ավելի դեպք է գրանցվել։ Հիվանդների մեծամասնությունը Շվեյցարական գվարդիայի անդամներ են, որոնք բնակվում են կոմունալ կացարաններում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ