![]()
Հանրության մի հատվածին ֆեյսբուքյան գրառումներից ծանոթ Տարոն Չախոյանն այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:
Այս փաստը հումորի առարկա է դարձել նույն Ֆեյսբուքում: Աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում Տարոն Չախոյանի հետ մեր առաջին բլիցը՝ ստորեւ.
— Պարոն Չախոյան, ումի՞ց եք ստացել աշխատանքի առաջարկը, եթե գաղտնիք չէ:
— Չէի ցանկանա փակագծեր բացել:
— Ձեզ համար անակնկա՞լ էր այն:
— Ինչ-որ չափով կարելի է ասել՝ այո:
— Չէիք սպասում:
— Այո՛, կարելի է ասել՝ չէի սպասում:
— Իսկ ինչպե՞ս եղավ, որ համաձայնեցիք:
— Դե կարծում եմ, որ արդեն վաղուց ժամանակն է, որպեսզի ոչ միայն ֆեյսբուքյան գրառումներով փորձեմ պիտանի լինել երկրին, պետությանը, ժողովրդին, այլ նաեւ իրական գործով փորձեմ ապացուցել այդ ամենը:
— Այսինքն՝ համարում եք, որ ձեր գրառումները միտված են եղել դրան:
— Գրառումների մեջ կարող եք գտնել նաեւ էնպիսինները, որոնցով բարձրաձայնում էի լուծումներ պահանջող խնդիրները, ինչպես նաեւ այդ խնդիրների լուծման տարբերակներ էի առաջարկում:
— Իսկ այդ գրառումնե՞րն են պատճառը, որ ձեզ նման առաջարկ է արվել:
— Չեմ կարծում:
— Ինչո՞վ էիք զբաղվում մինչ այժմ: Այլ աշխատանք, մասնագիտություն ունե՞ք, Կառավարության կայքում դեռ հրապարակված չէ ձեր կենսագրությունը:
— Մասնագիտությամբ ծրագրավորող եմ, ավարտել եմ Ճարտարագիտական համալսարանը, 7-8 տարի իմ մասնագիտությամբ աշխատել եմ, վերջին 4-5 տարին մասնավոր գործերով էի զբաղվում, ոչ մի տեղ չէի աշխատում:
— Պարոն Չախոյան, եթե տեղյակ եք, հիմա համացանցում հումորի թեմա է դարձել ձեր նշանակումը: Ասում են՝ ստատուս գրելու համար եք նշանակվել: Ձեր արձագանքը ինչպիսի՞նն է:
— Բնականաբար, անհիմն է այդ ամեն ինչը, որովհետեւ ի՞նչ կապ ունի ընդհանրապես ստատուս գրելը նշանակվելու հետ: Այլ հարց է, եթե ստատուսներում արծարծված թեմաները մարդկանց ի ցույց են դրել, որ ես ճիշտ եմ մտածում, խնդիրների ճիշտ լուծումն եմ փորձում գտնել, եւ դրանից ելնելով են հասկացել, թե ես ով եմ, նշանակում են արել: Թե չէ ստատուս գրելը, որպես էդպիսին, կապ չունի նշանակման հետ:
— Այսինքն՝ ձեր գրառումնե՞րն են պատճառ դարձել, որ ձեզ նկատեն Կառավարությունում:
— Միգուցե, չեմ կարող ասել:
— Շարունակելո՞ւ եք էլի գրառումներ անել:
— Ընթացքում կերեւա: Բայց, համենայնդեպս, հիմա ինձ թվում է՝ շատ ավելի շատ զբաղված կլինեմ, դրանով պայմանավորված՝ դժվար թե ժամանակ գտնեմ:
— Ո՞րն է ձեր գործառույթը լինելու, արդեն ասե՞լ են՝ ինչ եք անելու:
— Դեռ չի հստակեցվել:
— Ի պաշտոնե, փաստորեն, Արսեն Թորոսյանի տեղակալն եք լինելու: Ասում են՝ մի քիչ կոնֆլիկտային անձ է, ինչպիսի՞ն են ձեր հարաբերությունները:
— Ամենեւին, մեկ-երկու անգամ Թորոսյանի հետ արդեն հանդիպել ենք, զրուցել ենք բավականին երկար, կոնֆլիկտային ոչ մի բան չկա իր անձի հետ կապված, այդ թվում՝ մեր հարաբերություններում:
— Աշխատանքի գնացե՞լ եք արդեն:
— Առավոտյան նշանակումս եղել է, առավոտվանից այստեղ եմ, փորձում եմ հարմարվել աշխատանքային պայմաններին:
Հարցազրույցը՝ Հայկական Ժամանակի
![]()