![]()
Սուսերով պար, Արամ Խաչատրյանի երաժշտական ստեղծագործություններից, որը գրվել է «Գայանե» բալետի վերջին գործողության համար (1942)։
Այն կոմպոզիտորի ամենահայտնի և ճանաչված ստեղծագործություններից է, որում հայկական ժողովրդական երաժշտությունը զուգակցված է ջազային էլեմենտների հետ: Այն աշխարհում ամենաշատ կատարվող ստեղծագործություններից է։
Տիգրան Մանսուրյանի խոսքերով այն «Գյումրիի հայկական հարսանեկան պարի և իսկական ամերիկյան սաքսոֆոնի հակակշիռ է, որը հանգեցնում է շատ հետաքրքիր և օրգանական սինթեզի»: Առկա են «Սուսերով պարի» բազմաթիվ փոխադրություններ տարբեր գործիքների համար, կամերային անսամբլների համար:
1948 թվականին «Սուսերով պարը» ԱՄՆ-ում դարձավ երաժշտական ավտոմատների հիթը: Այն այնքան հանրաճանաչ դարձավ, որ Newsweek-ը առաջարկեց 1948 թվականը անվանել «Արամ Խաչատրյանի տարի ԱՄՆ-ում»:
Նույն թվականին «Սուսերով պարի» միանգամից երեք տարբերակներ (Չիկագոյի սիմֆոնիկ նվագախմբի, Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախմբի և Լևանտի Նվագախմբի կատարմամբ) գրավեցին Billboard ամսագրի դասական երաժշտության հիթ-շքերթի առաջին հորիզոնականները և հայտնվեցին բեսթսելլերների ամենամյա ցուցակում: «Սուսերով պարը» դարձավ Չիկագոյի սիմֆոնիկ նվագախմբի առաջին ձայնագրությունը, որի վաճառքը գերազանցեց մեկ միլիոն օրինակը:
«Սուսերով պարը» նշանակալի ազդեցություն ունեցավ 20-րդ դարի երաժշտության պատմության մեջ: ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի երաժիշտների կողմից բազմաթիվ ձայնագրություններ արվեցին: Մինչ այժմ այս ստեղծագործության թեման օգտագործվում է ֆիլմերում, հեռուստասերիալներում և գեղասահորդների ելույթներում: Billboard-ը «Սուսերով պարը» անվանեց «ստեղծագործություն, որը հայտնի է ներկայիս գոյություն ունեցող բոլոր էստրադային նվագախմբերին»:
![]()