![]()
«Սերժ Սարգսյանը թող չփորձի ապրիլյան պատերազմի հերոսների պատիվը պաշտպանել։ Ինքը եթե այդքան մտածում է ապրիլյանի հերոսների մասին, ուղղակի պետք է հրաման տար, որ էդ երեխեքին օգնության հասնեին։ Ինքը ինչ ասում է, սուտ է ասում։ Բոլորն էլ տականք ստախոս են»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ապրիլյան պատերազմում նահատակված Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ տիկին Համեստը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի հարցազրույցին։
Նշենք, որ Սերժ Սարգսյանը իր վերջին հարցազրույցի երկրորդ մասում անդրադարձել է նաև ապրիլյան պատերազմին, ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող քննիչ հանձնաժողովին, ապրիլյանի զոհերի «պատիվը պահելու» թեմային։ Նախ Սարգսյանը հերքել է, թե ապրիլյանի ժամանակ զենք չի եղել, զինվորները բահերով են կռվել, խոտ են կերել և այլն: «Իրենք դավադիր էին 2016 թվականին, երբ լուրեր էին տարածում, թե զորքը խոտ էր ուտում, բահերով էր կռվում և այլն, և այլն։ …Բացի այդ, ապրիլյան քննիչ հանձնաժողով ստեղծելով իրենք բանակի քանդման հերթական փուլի սկիզբը դրեցին։ Ինչպես կարելի էր նման հանձնաժողով ստեղծել, հարյուրավոր զինվորների, սպաների հրավիրել այնտեղ ու բանակը քանդել կամ բանակի պատից մի աղյուս հանել»,- ասում է Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ ինքը պարտավոր էր գնալ քննիչ հանձնաժողովի նիստին և «առաջին հերթին պաշտպանել ապրիլյանի հերոսների պատիվը»։ «Բա ով պետք է պաշտպաներ։ Ես գնացել եմ պաշտպանելու։ Ես գնացել եմ այդ հանձնաժողովի անդամներին ասելու, թե ինչ է ընդհանրապես պատերազմը, և մենք ինչպես ենք վարվել։ Գնացել եմ էդ մարդկանց բացատրելու, որ անիմաստ է, չանեն այդ բանը։ Նորից եմ ասում՝ դա բանակը ջախջախելու հերթական փորձն էր»,- ասաց Սերժ Սարգսյանը։
Տիկին Համեստը սուտ և արդարացում է որակում Սերժ Սարգսյանի ասածները: «Հիմա եկել էս պատերազմում «Իսկանդերը» չօգտագործելուց է խոսում։ Բա ապրիլյանի ժամանակ ինչի «Իսկանդերը» չհանեց, երբ մեր դեմ «Սմերչ» ու այլ համակարգեր էին կիրառվում։ Բա թող այդ հարցերին պատասխանի»,- ասաց տիկին Համեստը։
Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված Գրիգոր Հարությունյանի մայրը՝ Անահիտ Հարությունյանը, ևս նշեց, որ Սերժ Սարգսյանը ստում է: «Սերժ Սարգսյանն ամենավերջին մարդն է, որ պետք է ապրիլյանի հերոսներին պաշտպանի։ Նա է ապրիլյան պատերազմի առաջին մեղավորը։ Էնպես որ, թող սուտ բաներ չխոսի։ Կոնկրետ իմ որդին հենց բահերով ու քարերով է կռվել։ Իմ որդու զենքը չի կրակել։ Զենքերը, ուռալները փչացած են եղել։ Եթե զենքերը, մեքենաները նորմալ լինեին, նման բան չէր լինի։ Իմ որդու չկրակած զենքի պատրոնները հիմա մեր տանն են։ Զենքը անսարք է եղել, չի կրակել։ Հիմա ինչի մասին է ինքը խոսում։ Փաստը իմ ձեռքին է, ինքը պետք է ասի՞։ Այո, իմ տղան քարերով ու բահերով է կռվել։ Իրենք ոչ մի բանով չեն կարող արդարանալ։ Այդ 18 խոշտանգվածները, որ եղել են, հենց Սերժ Սարգսյանն ու մյուսներն են մեղավորը եղել։ Տղաների զենքերը չեն կրակել, երեխաները ընկել են շրջափակման մեջ։ Իսկ եթե զենքերը սարքին լինեին, արդիական զենքեր լինեին, երեխաները շրջափակման մեջ չէին ընկնի»,- ասաց մեր զրուցակիցը։
Տիկին Անահիտը զավեշտալի է համարում ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող քննիչ հանձնաժողովի վերաբերյալ Սերժ Սարգսյանի գնահատականները: «Բանակը քանդելու սկիզբը իրենք են դրել, բայց հիմա, երբ իրենք զգում են, որ պետք է արդարություն լինի, իրենց կեղտոտ գործերը ջրի երես դուրս գան, դրա համար ինքը սենց անցել է հարձակման, քննադատում է հանձնաժողովին։ Հանձնաժողովի ստեղծումը շատ ճիշտ է եղել, դա պետք էր ավելի շուտ անել»,- ասաց Անահիտ Հարությունյանը՝ հավելելով, որ անկախ այս պատերազմից՝ ապրիլյան քննիչ հանձնաժողովի զեկույցը պետք է հրապարակվի, ու մեղավորները ենթարկվեն պատասխանատվության:
«Զեկույցը պետք է հրապարակվի, պետք է իրենք պատասխան տան, այլ ոչ թե հիմա մեծ-մեծ խոսեն։ Իրենք ում ուզում են՝ կարող են խաբել, բայց ոչ՝ մեզ, որովհետև մեր երեխաների ամբողջ կատարած սխրանքը, որ ժամին են մահացել, ոնց է եղել, ինչ է եղել, սաղ իմ ձեռքի տակ են։ Իմ ձեռքի տակ են նաև իմ որդու խոշտանգված նկարները։ Մինչև արդարությունը չվերականգնվի, մեղավորները պատասխան չտան, ես չեմ հանգստանա։ Իսկ եթե դա չլինի, Սերժ Սարգսյանի նման մարդիկ կշարունակեն մեծ-մեծ խոսել, արդարացնել իրենց, իսկ ես, այսօրվա դրությամբ անուշադրության մատնված, իմ որդու արյան գնով ստեղծած բնակարանը կդնեմ վաճառքի, որ գոյատևեմ»,- ասաց տիկին Անահիտը և հավելեց, որ պետությունը իրավունք չունի իրենց ու ապրիլյանի հանգամանքները և մեղավորներին անտեսելու։
![]()