ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը հերքել է սպառազինության պլանի փոփոխելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունը

Սերժ Սարգսյանը «Արմնյուզին» տված հարցազրույցում անդրադառնալով նոր սպառազինությունների ձեռքբերման հարցին՝ նշել է.

«Մենք հաստատեցինք 2018-2024 թվականների համար երկու փաստաթուղթ. փաստաթուղթ համար մեկ՝ զինված ուժերի զարգացման պլան, բաղկացած 169 կետից, թե մենք ինչ պետք է անենք, ինչ փոփոխություն պետք է մտցնենք զինված ուժերում և որ զինատեսակները պետք է զարգացնենք ու արդյունքում ինչ պետք է ստանայինք, և այդ փաստաթղթի հիման վրա կազմվեց ռազմական տեխնիկայի և սպառազինության ձեռքբերման պլան:

Այդ պլանի համար նախատեսված էր 1 մլրդ 300 մլն դոլար, և այդ միջոցների աղբյուրները հստակորեն կային, 100 մլն-ը վարկային միջոցներով էին՝ յուրաքանչյուր տարի, 100 մլն-ը՝ այլ բյուջետային միջոցներ: 2018-2020 թվականների համար նախատեսված էր կեսից ավելին, ընդ որում՝ 1 մլրդ 300 մլն դոլարից՝ 500 մլն-ից ավելին նախատեսված էր ավիացիայի, ՀՕՊ-ի և անօդաչու թռչող սարքերի կատարելագործման ու ձեռքբերման համար: Մի թիվ ասեմ. նախատեսված էր մինչև 2024 թիվը ձեռք բերել 2500 անօդաչու թռչող սարք»:

Սերժ Սարգսյանը նպատակահարմար չի գտել գաղտնազերծելու, թե որ երկրներից էին կատարվելու այդ գնումները: «Բայց եթե ծայրահեղ անհրաժեշտություն լինի՝ մի անգամ կասեմ»,- ասաց ՀՀ երրորդ նախագահը:

Հարցին՝ իսկ այդ գործարքները հետո չարվեցի՞ն, Սերժ Սարգսյանը պատասխանել է․

«Ոչ: Ընդ որում, 2018-2020 թվականների համար նախատեսված էր ձեռք բերել 1000-ից ավելի անօդաչու թռչող սարք, ընդ որում, այդ սարքերը և՛ հարվածային էին, և՛ հետախուզական, և՛ կախված արժեքից՝ 5-150 կմ շառավղով գործելու ունակ էին լինելու: Բայց, ցավոք, չգիտես ինչից ելնելով, միգուցե հայ պաշտոնյայի բնավորությունից, որ ես եկել եմ՝ ինչ-որ բան պետք է փոխեմ, որովհետև նախկինները լավ չէին հասկանում, փոխեցին այդ ամբողջ պլանը: Ես անկեղծ պետք է խոստովանեմ, որ ես տեղյակ չեմ, թե ինչ փոփոխություններ են մտցրել, բայց ասում եմ՝ հաստատապես փոխվեց «ՏՈՐ» համալիրներ ձեռք բերելու պլանը, որը նախատեսված էր երեք խմբաքանակով, ՀՀ-ն ստացավ միայն մեկ խմբաքանակ, այն էլ՝ մեր ստորագրած պայմանագրով»:

Սպառազինության կոնկրետ տեսակների գնումների շուրջ 168.amը զրուցել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ (2018 թվականի մայիսի 24-ից մինչև 2020 թվականի հունիսի 8-ը)գեներալլեյտենանտ Արտակ Դավթյանի հետ։

«ՏՈՐ-Մ2ԿՄ համալիրների խմբաքանակը ինչպես կա, այնպես էլ մնացել է: Իսկ թե երբ պայմանագիր կկնքեն, չեմ կարող ասել: Մենք դեռ առաջին խմբաքանակը մինչև վերջ չենք ստացել: Խմբաքանակը պետք է ստանանք, զորքը յուրացնի, որից հետո նոր մյուս խմբաքանակները ձեռք բերվեն: Ինչ վերաբերում է ԱԹՍ-ներին, անկախ ԶՈւ զարգացման պլանի փոփոխվել-չփոփոխվելուց, անօդաչուները պլանների մեջ կան, և որոշակի ձեռքբերումներ եղել են: Ամբողջ հարցը հետևյալն է եղել. ԱԹՍ՝ մանավանդ հարվածային, իսկ ով էր վաճառում մեզ, և արդյոք կարողացել են համապատասխան մարմինները ձեռք բերել: Այնպես որ, թղթի վրա գրելը դա ցանկություն է, որին պետք է գումարվեն առաջին` ֆինանսական միջոցները, երկրորդը՝ երկիրը, որը պատրաստ կլինի մեզ վաճառել դրանք: Հայկական արտադրության մասին խոսել ենք, մերոնք ուղղակի չկարողացան այն քանակի, որակի, համապատասխան նշանակության արտադրել, որ կիրառության մեջ դնենք և ընդգրկենք մեր սպառազինության մեջ»,- նշեց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ