«Ձեր կառավարման տարիներին մեծ թափ ստացավ բանակում չծառայելը «խրախուսելը»». Զոհրապ Եգանյան

Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դիտեցի ՀՀ 3-րդ նախագահի հարցազրույցը, որի ժամանակ նրա կողմից հնչեցրած մտքերի, դիտարկումների ու պարզաբանումների գզալի մասի հետ համաձայն եմ, բայց…

1. Պարոն նախագահ, Ձեր կառավարման տարիներին պետական ողջ ապարատը ժամացույցի նման աշխատող համակարգ էր ու անվերապահորեն ենթարկվում էր Ձեզ: Ձեր ժամանակ Արցախն ուներ ներքին ինքնուրույնություն, բայց չեմ հավատում, որ Արայիկ Հարությունյանին Բակո Սահակյանը կարող էր վարչապետ նշանակել, հետո պետնախարար դարձնել առանց Ձեզ հետ խորհրդակցելու ու Ձեր կարծիքը հարցնելու: Ստացվում է, որ Արցախի ներկա նախագահն այնքան էլ հեռու չէր Ձեր համակարգից:

2. Ձեր հեղինակությունը շատ բարձր է եղել ուժային կառույցներում, որտեղ շատերը մինչև այսօր նախարար ասելիս նկատի ունեն Ձեզ, հատկապես Ձեր կառավարման վերջին տարիներին ոստիկանության պետը, ԱԱԾ տնօրերը Ձեր ամենավստահելի ու ամենահավատարիմ մարդիկ էին ու համոզված եմ` երկրում սպասվող հնարավոր զարգացումների մասին տեղյակ եղել եք: Եթե նույնիսկ տեղյակ չէիք, ապա իշխանափոխության ընթացքում եղել են դեպքեր, որոնք հանգիստ կարող էին ստանալ քրեադատավարական ընթացք (ռադիոտուն մտնելը և այլն), բայց որևէ քայլ չեմ նկատել: Ասեմ ավելին` այդ օրերից սկսած է, որ հանրության շրջանում ակտիվացան խոսակցությունները, թե այս հեղափոխության «քավորը» Դուք եք:

3. Ձեր հարցազրույցից այդպես էլ չհասկացա, թե ինչու՞ փոխեցիք սահմանադրությունը, կամ եթե ուզում էիք փոխզիջումների գնալ, ինչու դա չէիք անում նախագահության երկրորդ ժամկետում: Ինչու՞ նախագահ բերեցիք «բրիտանահպատակ» Արմեն Սարգսյանին, ով կապված լինելով բրիտանական ու տրանսազգային կորպորացիաների հետ` չէր կարող ու չի կարող ազգային շահը վեր դասել: Եթե ստիպել են, ապա արդեն կորցնելու բան չունեք ու ասեք ժողովրդին, որ ճնշումներ են եղել Ռուսաստանից, ԱՄՆ-ից կամ Եվրոպայից:

4. Բանակաշինության գործում շատ մեծ դեր ունեք, բայց չե՞ք ընդունում, որ Ձեր կառավարման տարիներին մեծ թափ ստացավ բանակում չծառայելը «խրախուսելը», երբ հայրենիքին պարտքը չտված երիտասարդներ նույնիսկ ուժային կառույցների ղեկավարներ դարձրիք, էլ չեմ ասում, որ Ձեր նախագահության տարիներին մենք ունեցել ենք կառավարություն, որի անդամներից ոչ ոք ՀՀ զինված ուժերում ծառայած չի եղել: Ընդունեք, որ ծանրագույն հետևանքների հանգեցրեց այս գործելաոճը ու բերեց նրան, որ Ձեր պաշտպանության նախարարն այդպես էլ չկարողացավ լրագրողներին պատասխանել, թե որ բարձրաստիճան պաշտոնյայի որդին որտեղ է ծառայում կամ դիրքերում հայտնիներից ում երեխան է ծառայություն անցնում:

5. Պարոն նախագահ, Դուք խոսում եք հանրային կարծիքից, զլմներից, բայց որպես ոլորտի մարդ, եկեք միասին փաստենք ու ընդունենք, որ Ձեր ժամանակ հսկայական միջոցներ ու շատ պրոֆեսիոնալ թիմ է աշխատել: Ասելիքս այն է, որ թերևս կոնկրետ ուղղությամբ աշխատելու հրահանգ չի եղել Ձեր կողմից, եթե լիներ` կունենայինք այլ պատկեր:

6. Պարոն Նախագահ չգիտեմ թե ինչու էիք որշել հարցազրույց տալ հենց այս պահին, բայց կարծես թե դաշտում նորից մնացիք Դուք, Ձեր թիմի հետ և գործող իշխանությունները: Կարծես թե 18թ.-ի գարունը նորից կրկնվեց:

7. Պարոն Սարգսյան, ես երեկ առաջին անգամ լսեցի, որ Դուք «ոչմիթիզհողական» չեք, պետական քարոզչությունից ես ու թերևս շատերը նման տպավորություն չենք ունեցել:
Առողջություն ու երկար տարիների կյանք Ձեզ: Պատկերացնում եմ Ձեր, Առաջին ու Երկրորդ նախագահների վիճակը, երբ կյանքի կռիվը տանուլ տված եք տեսնում հիմա»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ