Աղմուկից մի քանի ամիս անց. «Տոյոտա Երեւան» ընկերությունը դատի է տվել իր աշխատակցի կնոջը

«Տոյոտա Երեւան» ՍՊ ընկերությունը դատի է տվել իր աշխատակից Գոռ Մելիքբեկյանի կնոջը՝ Գայանե Հովհաննիսյանին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Ընկերությունը Հովհաննիսյանից պահանջում է զրպարտության դիմաց փոխհատուցում եւ հրապարակայնորեն հերքում:

Հայցը ներկայացվել է փետրվարի 10-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմենուհի Բադիրյանին:

Նշենք, որ Գայանե Հովհաննիսյանը 2020 թվականի դեկտեմբերի 22-ին ֆեյսբուքյան իր էջում ահազանգել էր, որ 17 կուսակցությունների դեկտեմբերի 23-ին կազմակերպված հանրահավաքին մասնակցելուց հրաժարվելու պատճառով իր ամուսինը՝ Գոռ Մելիքբեկյանն ազատվել է աշխատանքից: Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում նշել էր, որ ամուսինն աշխատում է «Տոյոտա Երեւան»-ում: Իսկ ընկերությունը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն չէր տվել:

Եվ ահա, մի քանի ամիս անց, ընկերությունը որոշել է դիմել դատարան: «Տոյոտա Երեւան»-ի ներկայացուցիչ Իրինա Դանիելյանը ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ Գայանե Հովհաննիսյանի կողմից կատարված գրառումը՝ կապված իր ամուսնու կողմից աշխատանքից ազատվելու դրդապատճառների հետ, զրպարտիչ են դիտարկում:

Հարցին՝ ազատում չի՞ եղել, թե՞ այլ պատճառով է եղել, նա պատասխանեց. «Ընդհանրապես ազատում չի եղել: Գոռ Մելիքբեկյանը դեռեւս շարունակում է լինել «Տոյոտա Երեւան» ընկերության ներկայացուցիչը, աշխատանքից ազատման վերաբերյալ վերջինիս որեւէ ծանուցում՝ ո՛չ բանավոր, ո՛չ գրավոր չի տրվել: Գոռ Մելիքբեկյանը հանդիսանում է «Տոյոտա Երեւան» ընկերության ներկայացուցիչը: Ավելին՝ նրան հիշեցրել ենք եւ ծանուցել, որ դուք շարունակում եք լինել աշխատող, ներկայացեք աշխատանքի կամ պատճառներ ներկայացրեք չներկայանալու վերաբերյալ, բայց դա տեղի չի ունեցել»:

Դանիելյանի խոսքով՝ այդ գրառումը ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը:

Հարցին՝ եթե Մելիքբեկյանը վերադառնա դարձյա՞լ կշարունակի աշխատել, թե չներկայանալու համար կազատվի, ընկերության ներկայացուցիչը պատասխանեց. «Նա շարունակում է լինել աշխատող, պետք է ներկայանա: Թեեւ աշխատանքային օրենսգրքով չներկայանալու եւ հարգելի պատճառ չներկայացնելու պարագայում ընկերությունը իրավունք ունի առանց ծանուցման աշխատողին հեռացնել աշխատանքից, այս պահին «Տոյոտա Երեւան»-ը իր այդ իրավունքից չի օգտվել»:

ՀԺ-ն փորձեց մեկնաբանություն ստանալ նաեւ Գոռ Մելիքբեկյանի եւ իր կնոջից՝ Գայանե Հովհաննիսյանից, սակայն Մելիքբեկյանն ասաց, որ ո՛չ ինքը եւ ո՛չ էլ կինը ծանոթ չեն հայցին եւ այս պահին չեն ցանկանում մեկնաբանել:

Այս ընկերության համասեփականատեր է Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը։ «Տոյոտա Երեւան» ընկերությունում հավասարաչափ՝ 30-ական տոկոս բաժնեմասեր ունեն նաեւ գործարար, Երեւանում մի շարք էլիտար շենքերի սեփականատեր Սամվել Մայրապետյանը եւ «Հայկական երկրորդ հեռուստաալիքի»՝ Հ2-ի 50 տոկոս բաժնեմասի սեփականատեր Նատալյա Մատինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ