![]()
Սերժ Սարգսյանի հարցազրույցը առաջացրել է հանրային մեկնաբանությունների բուռն ֆեյսբուքյան ալիք՝ ամենատարբեր շեշտադրումներով և հարցադրումներով: 2018-ի գարնանային իրադարձություններին և արցախյան կարգավորման գործընթացին վերաբերող հարցազրույցը առաջացնում է ավելի շատ հարցեր, քան հարցերին տալիս պատասխաններ: Մյուս կողմից՝ երկու իրադարձությունն էլ ըստ էության այն գործընթացների կարգից են, որոնց վերաբերյալ պատկերը հնարավոր չէ հավաքել մեկ, անգամ մի քանի հարցազրույցների միջոցով, եթե հարցազրույց տվողն ինքը չունի այդ պատկերը ամբողջապես բացելու ցանկություն կամ մտադրություն, կամ շարժառիթ: Սերժ Սարգսյանի հարցազրույցից պարզ էր թերևս հենց այդ, որ նա չունի այդպիսի շարժառիթ կամ մոտիվ:
Սարգսյանի հարցազրույցի մոտիվը այն դիրքային պայքարն է, որ ներկայումս ընթանում է արմատական ընդդիմության կամ պայմանական 17-ի ձևաչափում, որը միավորում է նախկին կառավարող համակարգի առանցքային ուժերի և մի քանի արբանյակ մարդ-կուսակցությունների: Դա այն համակարգն է, որ 2018-ի թավշյա հեղափոխության հետևանքով հայտնվեց իշխանությունից դուրս, հայտնվեց կառավարման լծակներից անդին՝ կորցնելով իշխանություն, արտոնություն, կորցնելով իշխանության վրա ազդելու հնարավորություն և այլն:
Իսկ այդ ամենի կորուստը բնականաբար առաջացրեց բազմաթիվ ռիսկեր, քանի որ նախկինում ձեռք բերած դիրքերը կամ դիրքերի միջոցով ձեռք բերած կապիտալը կուտակվել է օրինականության հետ բազմաթիվ խնդիրներով, սակայն միաժամանակ կար նաև մեկ այլ նուրբ հանգամանք՝ այդ կապիտալը որոշակի պարտավորություններով միահյուսվել է արտաքին մի շարք շրջանակների հետ, մասնավորապես ռուսական տնտեսաքաղաքական վերնախավը ներկայացնող խմբերի: Սերժ Սարգսյանն ինքը իր նախագահության ընթացքում բախվել է այդ խնդրին, մի կողմից՝ լինելով, այսպես ասած, «երևույթը» պարունակող համակարգի առաջատարներից, իսկ 2008 թվականից հետո՝ այդ համակարգի գլուխը, մյուս կողմից՝ այդ կարգավիճակում ինքն էլ բախվելով դրա արատավոր հետևանքին և մետաստազներին, որոնք Սերժ Սարգսյանի համար առաջացնում էին բազմաթիվ արտաքին, անվտանգային և ներտնտեսական ու քաղաքական բարդություններ:
17-ի շրջանակը այսօր ըստ էության այդ երևույթին որոշակի տրանսֆորմացիա է, որ բխում է արցախյան պարտված պատերազմի հետևանքով ռեգիոնալ և ներհայաստանյան նոր իրողություններից: Սերժ Սարգսյանի հարցազրույցը այդ համատեքստում այդ համակարգի առաջ արդարանալու կամ մեղադրանքները հետ մղելու միջոցով դիրքային պայքարի փորձ էր: Դիրքային պայքար, որի նոր փուլ է սկսվել 17-ի ձևաչափում՝ Ռոբերտ Քոչարյանի առավելության զգացումով և հայտով, որ նա ներկայացրեց իր վերջին հարցազրույցների և Մոսկվա այցի միջոցով: Սերժ Սարգսյանը փորձում է նախկին կառավարող համակարգի շրջանակում չեզոքացնել այդ առավելությունը:
![]()