![]()
2016 թվականի ապրիլյան պատերազմը կանգնել է Հայաստանի այդ ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի խոստումների հետևանքով, որոնք ունեցել են ժամանակացույց՝ ըստ որի այդ պայմանավորվածությունները պետք է կյանքի կոչվեին, և այդ խոստումները գոհացրել են Ադրբեջանին, որն էլ շուրջ հինգ տարի առաջ համաձայնել է կանգնեցնել ռազմական գործողությունները, այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Արմեն Գրիգորյան. — Ապրիլյան պատերազմը կանգնել է հայկական կողմի խոստումների պատճառով: Ի դեպ, այդ խոստումներից հետո, որը որոշակի չափով ժամանակացույց է ենթադրում և այդ ժամանակացույցը որոշակի չափով ամառվա ընթացքում էր, ամառվա ընթացքում տեղի է ունենում «Սանա ծռերը», որը օգտագործելով Սերժ Սարգսյանը ևս որոշակի չափով հետաձգում է մինչև 2017 թվականի ապրիլ, այնուհետև մինչև իշխանության տրանզիցիայի հետաձգում, բայց այդ մարդը բազմաթիվ այդ խոստումները տալով, ստեղծելով այդպիսի բեռ Հայաստանի Հանրապետության համար լքում է պաշտոնը և հետո գալիս ու հայտարարում է, որ «ես պատրաստ էի ստորագրելու, ես պատրաստ էի ինչ-որ քայլերի», մինչդեռ ես հստակ ասեմ, որ իր տված խոստումների պատճառով, իր ստեղծած փակուղիների պատճառով մենք կանգնել էինք լուրջ խնդիրների առաջ:
«Ազատություն» — Պարոն Գրիգորյան, ի՞նչ խոստումներ է տվել Սերժ Սարգսյանը ապրիլյան պատերազմից հետո:
Արմեն Գրիգորյան — Երևի դա Սերժ Սարգսյանը կարող է ավելի հստակ ասել, բայց ապրիլյան պատերազմը կանգնել է, և դրան հետևել է ժամանակացույց, ըստ որի պետք է այդ պայմանավորվածությունները կյանքի կոչվեին:
«Ազատություն» — Այսինքն՝ դրանք տարածքները վերադարձնելո՞ւ խոստումներ են:
Արմեն Գրիգորյան — Դրանց մասին երևի կարող է Սերժ Սարգսյանն ավելի հստակ խոսել:
«Ազատություն» — Բայց ամեն դեպքում կարո՞ղ ենք ասել, որ այդ խոստումները գոհացրել են ադրբեջանական կողմին:
Արմեն Գրիգորյան — Եթե Ադրբեջանը կանգնել է, բնականաբար, պետք է որ գոհացրած լինեն:
Աղբյուրը՝ Azatutyun
![]()