![]()
Այդ մասին տարիներ շարունակ խոսել են հենց նախկին իշխանության ներկայացուցիչները, այն ժամանակ նմանատիպ բամբասանքներ շատ էին հնչում, և դրանք ինչպես բամբասանք կային, այնպես էլ շարունակում են մնալ որպես բամբասանք:
Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը՝ անդրադառնալով խոսակցություններին, ըստ որոնց՝ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի պրոյեկտն է:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ «Armnews» ՀԸ-ին տված հարցազրույցի անոնսին՝ Դավոյանը նշեց, որ ՀՀ նախկին ղեկավարների հարցազրույցները ինքնապաշտպանական բնույթ ունեն:
«Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հարցազրույցի անոնսին, կարելի է չշտապել, նայել հարցազրույցը, հասկանալ՝ ինչ է խոսում, ինչի մասին է խոսում, և ինչպիսի հարցադրումներ է անում մարդը, որը տարիներ շարունակ եղել է ՀՀ ղեկավար և մեզ թողել է այնպիսի Հայաստանի Հանրապետություն, ինչպիսին մենք տեսանք և ինչպիսի խնդիրների առաջ մենք կանգնեցինք: Կարծում եմ, որ այդ հարցազրույցների շարքը, որոնք վարում են ՀՀ նախկին ղեկավարները, ավելի շատ ինքնապաշտպանական բնույթ են կրում, քան որևէ փաստարկ կարող են ներառել»:
Պատգամավորի խոսքով՝ Սերժ Սարգսյանին մերժել է ոչ թե իրենց քաղաքական թիմը, այլ ՀՀ քաղաքացիները: «Եթե միայն մեր թիմի մերժելով լիներ, նման իրադարձությունների նման ընթացք չէր լինի և նման հանգուցալուծում չէր լինի: Այսինքն՝ այն, ինչ տեղի է ունեցել գրեթե երեք տարի առաջ, տեղի է ունեցել ոչ թե մեր թիմի կամքով, այլ դա եղել է տարիներ շարունակ նույն Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության արդյունքը: Հիմա դուք ասում եք՝ Սերժ Սարգսյանը քրեական գործով է անցնում, և չկան դատավճիռներ, կլինեն դատավճիռներ և ոչ միայն Սերժ Սարգսյանի վերաբերյալ: Այն, ինչ մենք ասել ենք, մենք հետևողական գնում ենք հենց այդ ճանապարհով»:
![]()