9-րդ դասարանի քննության թեստերում փոփոխություն է տեղի ունեցել

Գնահատման և թեստավորման կենտրոնը վերջացրել է բովանդակային փոփոխությունները և արդեն ներկայացրել ԿԳՄՍ նախարարություն։ Այս մասին այսօր ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց ԳԹԿ տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը։

Նասիբյանի խոսքով՝ անցյալ տարվա 1 քննության փոխարեն այս տարի առավելագույնը դիմորդները հանձնելու են 2 քննություն. «Պակասել է միայն 3 քննություն հանձնողների քննությունների թիվը, 3-ի փոխարեն հանձնելու են 2 քննություն։

Այսինքն՝ չի լինելու այնպես, որ մի մասնագիտության համար հանձնեն 2 քննություն հետո որոշեն, որ մյուս մասնագիտության համար էլ մի քննություն հանձնեն։ Որտեղ առարկաները նշված են «կամ»-ով, ընտրելու են այդ առարկաներից մեկը»։

Կարո Նասիբյանն ընդգծեց, որ այս տարի, ի տարբերություն նախորդ տարվա, քննությունները անցկացվելու են երկու փուլով. «Առաջին փուլում ընդգրկված են լինելու բոլոր շրջանավարտ-դիմորդները, նախորդ տարիների դիմորդները, քոլեջների, ուսումնարանների շրջանավարտները, իսկ երկրորդ փուլում ընդգրկված են լինելու օտարերկրյա ուսումնական հաստատություններն այս տարի ավարտած երեխաները, նաև նրանք, ովքեր առաջին փուլում դիմում-հայտ չեն ներկայացրել»։ Հիշեցնենք, 2020-ին, համավարակով պայմանավորված, միասնական քննությունները կազմակերպվեցին մեկ փուլով:

Անդրադառնալով 9-րդ դատասրանի ավարտական քննություններին՝ Նասիբյանը նշեց, որ քննությունների կարգում փոփոխություններ տեղի չեն ունեցել, իսկ թեստերում փոփոխություն եղել է. «Թեստը նախկինում բաղկացած էր 3 մասից՝ ընտրովի պատասխաններով, կարճ պատասխաններով առաջադրանքներ և տեքստային մաս, որտեղ երեխաներն արտահայտում էին իրենց կարծիքը և փոքր շարադրանքի մաս կար։ Այդ փոքր շարադրանքի մասը մենք հանել ենք այս տարի։ Լինելու է ընդամենը 35 առաջադրանք և այդ առաջադրանքները բաղկացած են լինելու թե ընտրովի՝ 4 պատասխաններից մեկի ընտրությամբ և կարճ պատասխաններով առաջադրանքներ, որտեղ սովորողն ինքն իր ձեռքով գրում է բառ, բառակապակցություն, նախադասություն, որի պահանջը կլինի»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ