![]()
2019 թ. Հայաստան ցեմենտ է ներմուծել 179 ընկերություն, իսկ 2020-ին՝ 155: «Հայկական ժամանակ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան այս մասին հայտնեցին ՀՀ պետական եկամուտների կոմիտեից:
ՀՀ կառավարության հունվարի 27-ի որոշմամբ՝ 2 ամսով արգելք է կիրառվել երրորդ երկրներից Հայաստան ցեմենտի ներմուծման վրա, որի նպատակը հայկական ցեմենտի արտադրության հետագա զարգացումն ապահովելն է: Որոշումը ուժի մեջ է մտել փետրվարի 9-ից եւ որոշակի խնդիրների առաջ է կանգնեցրել ներմուծողներին:
ՀԺ-ն ՊԵԿ-ից հետաքրքրվել էր նաեւ, թե 2019 — 2020 թթ. որքան ցեմենտ է ներմուծվել եւ դրանցից որքանն է 3-րդ երկրից ներմուծվել: Կոմիտեից հայտնել են, որ 2019-ին ՀՀ է ներմուծվել 309 հազար 903.9 տոննա ցեմենտ, իսկ 2020-ին՝ 230 հազար 729.9 տոննա: Կարելի է ասել՝ ներմուծված ցեմենտը գրեթե ամբողջությամբ 3-րդ երկրներից է եղել: Հայաստանում ցեմենտի արտադրությամբ զբաղվող 2 գործարան կա՝ ամենախոշորը ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ»-ն է, իսկ երկրորդ գործարանը «Հրազդան ցեմենտ»-ն է:
Հայաստան երրորդ երկրից՝ մասնավորապես Իրանից ցեմենտ ներմուծող «Անգոր-շին» շինարարական ընկերության հիմնադիր եւ սեփականատեր Հայկ Իվանյանը մեր զրույցում ասաց, որ Իրանից ներմուծած ցեմենտն ավելի որակյալ է, քան հայկական արտադրանքը, եւ դա է հիմնական պատճառը, որ այնտեղից են ներմուծում:
«Բացի այդ, ավելի էժան է: Եթե արգելք է դրվել եւ ուզում են տեղական արտադրանքը զարգացնել, դժգոհ չեմ, ինձ համար ավելի լավ է երկիրը այս վիճակից դուրս գա, եթե իհարկե՛, դա կնպաստի երկրի բարելավմանը: Բայց պետք է մի քիչ որակով արտադրեն»,- ասաց նա:
Հարցին՝ գնային առումով որքա՞ն է տուժելու, եթե տեղական արտադրանքից օգտվի, Իվանյանը պատասխանեց. «1 տոննայի մեջ մոտ 7-8 հազար դրամ կտուժենք»: Նա հայտնեց, որ տարեկան շատ ցեմենտ չէր ներմուծում՝ 200-300 տոննայի չափով. «Հիմնականում օգտագործում էինք շինարարության համար»:
Անդրադառնալով հարցին, թե անցնելո՞ւ են տեղական արտադրանքի ցեմենտին, Իվանյանն ասաց, որ բնականաբար, քանի որ շինարարության մեջ առանց ցեմենտ հնարավոր չէ. «Տեղականից կօգտվենք, որը մի քիչ ավելի թանկ կնստի»: Գործարարը նշեց, որ սա կբերի շինարարական աշխատանքի գների բարձրացման:
Շինարարությամբ զբաղվող «Նեմալ» ընկերության տնօրեն Հայկ Առաքելյանն էլ մեր զրույցում ասաց. «Տեղականի գինը բարձր է, որակական խնդիր էլ կա»:
Նրա խոսքով՝ եթե վերջնական որոշվի արգելք դնել երրորդ երկրներից ցեմենտի ներմուծման վրա, ապա կսկսեն օգտվել տեղական արտադրանքից:
Թեմայի վերաբերյալ ՀԺ-ի հարցերին է պատասխանել նաեւ տնտեսագետ Ատոմ Մարգարյանը:
— Պարո՛ն Մարգարյան, ժամանակավոր արգելքը ինչպե՞ս կանդրադառնա ՀՀ տնտեսության վրա, այս միջոցով հայ արտադրողին պաշտպանելն արդարացվա՞ծ է:
— Ընդհանրապես ներքին արտադրողին պաշտպանելը ընդունված պրակտիկա է, հատկապես այն երկրների համար, որոնք տեխնոլոգիական զարգացման մակարդակով եւ մրցունակ աշխատատեղերի առկայության առումով լուծում են, կարելի է ասել՝ նախնական ստարտային խնդիրներ: ԵԱՏՄ պայմանագրահենքը թույլ է տալիս նման որոշում կայացնել եւ այդպիսի պրակտիկա կա՝ 3-րդ երկրներից ներմուծման բարձր մաքսատուրք սահմանելու կամ ընդհանրապես ներմուծումն արգելելու առումով: Բելառուսը եւ Ղազախստանը եւս նման արգելք են կիրառել ցեմենտի ներմուծման: Հայաստանը ժամանակին տարածաշրջանի ցեմենտի արտադրության խոշորագույն կենտրոններից մեկն էր եւ հիմա բարդ իրավիճակում է հայտնվել:
Շրջափակումները բերել են շուկաների կորստի: Այն, որ ժամանակին «Արարատցեմենտ»-ը եւ «Հրազդան ցեմենտ»-ը կարող էին արտահանել ասենք ադրբեջանական երկաթգծով դեպի Ռուսաստան կամ Ղարս-Գյումրի երկաթգծով դեպի Թուրքիա եւ այլ երկրներ, հնարավորություն էր տալիս լինել մշտապես մրցունակ՝ վաճառքի ծավալները մաքսիմալացնելու եւ տեխնոլոգիաները փոխելու հետեւանքով: Այդ խնդիրները ծագեցին հենց շրջափակումների հետեւանքով: Այն, որ այսօր մեր ներքին արտադրողների համար հիմնական խնդիրը ստեղծում է իրանական էժան ցեմենտը եւ ինչու չէ, նաեւ ռուսական ցեմենտը, գաղտնիք չէ: Երբ բարձր մաքսատուրք սահմանվեց ցեմենտի ներմուծման համար, դա եւս լավ օրից չէր ու այն հնարավորություն տվեց շուկան որոշակիորեն կայունացնել: Բայց հատկապես վերջին տարվա ընթացքում՝ կորոնավիրուսի պայմաններում շինարարության տեմպերը նվազել են, սպառման ծավալը կրճատվել է եւ մեր ներքին արտադրողը դարձել է ոչ մրցունակ: Այս տեսանկյունից երեւի թե հիմնավորված է այսպիսի ժամանակավոր՝ կոշտ սահմանափակումների կիրառությունը:
— Որքանո՞վ է անհրաժեշտ նման մեթոդի դիմելով՝ պաշտպանել արտադրողին, ներմուծողի համար խնդիր ստեղծելով:
— Ընդհանրապես խնդրին պետք է նայել բոլոր խաղացողների շահերի տեսանկյունից՝ ե՛ւ ներկրողների, ե՛ւ արտադրողների, ե՛ւ ներքին սպառողների, շինարարության կոմպլեքսի: Սպառողին հետաքրքրում է ցածր գինը եւ բարձր որակը ու այս տեսանկյունից նրա համար միեւնույն է՝ այն ներմուծված է, թե տեղական: Ազգային արտադրող ունենալը ունի ռազմավարական մեծ նշանակություն՝ հատկապես մեր իրողություններով, երբ կա ճանապարհաշինական, ենթակառուցվածքների հարցեր, որի հիմնական կոմպոնենտներից մեկը նաեւ երկաթբետոնն է՝ հետեւաբար նաեւ ցեմենտը: Մենք տեսանք, թե մեր ներկրման երկրները՝ հատկապես Իրանը ինչպես պահեց իրեն պատերազմի ընթացքում՝ զգուշավոր, չեզոք, այնպես որ այս իրավիճակում ռազմավարական տեսակետից արդարացված է այսպիսի որոշումը:
Անդրադառնամ ներմուծողների հարցին. ընդհանրապես ներմուծման բիզնեսը միշտ եղել է դոմինանտ, իրականությունը այդպիսին է եղել տասնամյակներ… Եթե դու կարողանում ես էժան աղբյուրից ցեմենտ ներմուծել, ոչ թե տոկոսներով, այլ անգամներով ես շահում, եթե մրցակցում ես մի շուկայում, որտեղ քո մրցակիցը՝ արտադրողը, ոչ շահեկան վիճակում է: Նույնիսկ այդ ցեմենտը կարող ես վերարտահանել Վրաստան: Այս բոլոր գործոնները համադրելով է կարծում եմ այս որոշումը կայացվել՝ հաշվի առնելով ընթացիկ իրավիճակը, ռազմաքաղաքական իրավիճակը: Նաեւ չմոռանանք, որ մենք, ցավոք, այս պատերազմի ընթացքում 500-600 կմ նոր սահմաններ ենք ստացել, եւ պաշտպանական ամրություններ կառուցելու հիմնական ռեսուրսներից մեկը ցեմենտն է:
— Ներմուծողներն ասում են, որ տեղական արտադրանքը ե՛ւ որակական, ե՛ւ գնային առումով զիջում է իրանական ցեմենտին, այս որոշումով սպառողին այլընտրանք չե՞նք թողնում:
— Ներմուծողին ես հասկանում եմ, բայց պատերազմական կամ հետպատերազմական իրավիճակում այդպիսի փաստարկներին գումարվում է հնարավոր սահմանները փակվելու եւ տեղափոխությունների դժվարության գործոնը: Բացի այդ, Հյուսիս-հարավ ճանապարհը պետք է սրընթաց տեմպերով կառուցել: Չեմ բացառում, որ իրավիճակը նորից սրվի եւ խնդիրներ առաջանան նաեւ մատակարարումների հետ կապված: Մեծ հաշվով, երբ երկիրը այսպիսի իրավիճակում է, նման ռեսուրսի նկատմամբ այդպիսի որոշումը հիմնավորված է:
![]()