![]()
ԵՊԲՀ շատ սովորողներ պատերազմական օրերին ոչ միայն ամուր թիկունք դարձան բժիշկների համար, այլև աչքի ընկան իրենց հերոսություններով՝ բարձր պատասխանատվությամբ կատարելով իրենց առջև դրված խնդիրները, բուժօգնության ցուցաբերելով վիրավորներ զինծառայողներին, ընկերներին:
Նրանց թվում է նաև Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի կլինիկական օրդինատոր Տիգրան Ռոստոմյանը, ով պատերազմի առաջին իսկ օրվանից եղել է Ստեփանակերտի բժշկական կենտրոնում և հոսպիտալում, շտապօգնության մեքենաներով Գորիս և Երևան է տեղափոխել վիրավոր զինծառայողների:
Խոսելով կատարած աշխատանքների և դժվարությունների մասին, ապագա բժիշկը նկատում է. «Պատերազմական պայմաններում աշխատելիս, բժիշկն անտեսում է սեփական կյանքի նկատմամբ վտանգն ու առողջությունը, անում անհնարինը՝ մեր հերոս վիրավոր զինվորներին բուժօգնություն ցուցաբերելու և բարեհաջող հիվանդանոց հասցնելու համար»։
Տիգրանի խոսքով՝ պատերազմը բոլորի կյանքում շատ բան է փոխել. «Մեզ ՝ բժիշկներիս, հոգեպես ավելի ամուր է դարձրել։ Անցնելով արկերի պայթյունների միջով, չմտածելով մահվան մասին, առաջ ենք շարժվել: Սեփական մաշկի վրա զգալով մահվան վտանգը, ավելի ես արժևորում կյանքը՝ այն, որ ուղղակի շարունակում ես ապրել»։
Տիգրան Ռոստոմյանը ապագա սրտաբան է, սովորում է կլինիկական օրդինատուրայի երրորդ կուրսում: Դեռ մանկուց է երազել բժիշկ դառնալ:
«Դպրոցական տարիքից ինձ դուր էր գալիս բժշկի առաքելությունը` մարդկանց օգնելը և բուժելը: Եվ երբ արդեն սովորում էի բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի առաջին կուրսում, ընտրեցի նաև նեղ մասնագիտացումը: Այդ ընթացքում հայրս սրտամկանի ինֆարկտ ստացավ, և ես որոշեցի ընտրել սրտաբանի մասնագիտությունը, որպեսզի կարողանամ օգնել և բուժել հայրիկիս»,-պատմում է ԵՊԲՀ սովորողը:
Ըստ նրա ՝ բժշկի ամենակարևոր հատկանիշներից մեկը հիվանդի նկատմամբ հոգատար վերաբերմունքն է, համբերատար և մարդասեր լինելը, ինչպես նաև անվերջ սովորելու և մասնագիտության մեջ հմտանալու ցանկությունը. «Ազատ ժամանակ ինքս էլ փորձում եմ ավելի կատարելագործել մասնագիտական հմտություններս, ինչպես նաև սիրում եմ զբաղվել սպորտով»:
Ապագա սրտաբանը մաղթում է մեր երկրին խաղաղ երկինք, իսկ սպիտակ բանակի ներկայացուցիչներին՝ այլևս երբեք ստիպված չլինի գնալ առաջնագիծ և միշտ աշխատել թիկունքում։
![]()