![]()
Երգչուհի Շպռոտը (Անի Թովմասյան) որը շուրջ 11 տարի է՝ բնակվում է ԱՄՆ-ում, պատերազմի օրերին Հայաստանում էր: Հայրենիքում գտնվելու կարճ ժամանակահատվածը երգչուհին օգտագործել է պարբերաբար վիրավոր զինվորներին և նրանց ընտանիքներին այցելելով ու դրամական աջակցություն ցուցաբերելով: Նրան այդ հարցում օգնել են իր ֆեյսբուքյան և ինստագրամյան ընկերները՝ հանգանակելով գումարներ:
Շպռոտն արդեն վերադարձել է ԱՄՆ, սակայն ամռանը կրկին պատրաստվում է այցելել Հայաստան: Նա պատասխանել է մեր մի քանի հարցերին:
— Անի, արդեն մի քանի տարի է՝ ԱՄՆ-ում եք բնակվում: Որո՞նք էին հիմնական պատճառները գնալու:
— Պատճառն այն էր, որ ուզում էի ապրել այնպիսի երկրում, որտեղ գործում է օրենքը:
— Իսկ Հայաստանում բնակվող հանդիսատեսի և ԱՄՆ-ի հայ հանդիսատեսի միջև տարբերություններ նկատո՞ւմ եք:
— Այո, կան տարբերություններ: Հայաստանում բնակվողների ճաշակն ավելի մոտ է եվրոպականին: Իսկ ԱՄՆ-ում բնակվողների մեջ, քանի որ հայրենադարձները շատ են, արևելականին:
— Դուք այն երգչուհիներից եք, որ տեսահոլովակներում առավել համարձակ հագուստներով եք նկարահանվում։ Հայաստանում հաճախ դա քննադատության տեղիք է տալիս: Համակերպվե՞լ եք դրան:
— Քննադատողներ ամեն տեղ էլ կան: Ճիշտն ասած՝ փորձում եմ ուշադրություն չդարձնել: Թեպետ մեկ-մեկ չի հաջողվում:
— Պատերազմի օրերին հայրենիքում էիք և մեր վիրավոր տղաներին ֆինանսական օգնություն էիք ցուցաբերում: Համընկա՞վ այդ օրերին հայրենիք գալը, թե՞ հատուկ այդ նպատակով էիք եկել:
— Ընտանիքիս համար էի եկել: Քանի որ հայրենիքում էի, որոշեցի օգնել մեր հերոսներին և նրանց ընտանիքներին:
May be an image of 2 մարդ, hair, people standing և outerwear-ը
— Իսկ կշարունակե՞ք այդ նախաձեռնությունը:
— Ոչ, այլևս չեմ շարունակում օգնել, քանի որ մարդիկ դադարել են գումար փոխանցել: Ինչպես գիտեք, ինձ իմ ինստագրամյան հետևորդներն ու ընկերներն էին գումար փոխանցում, ես էլ հասցնում էի տղաներին ու նրանց ընտանիքներին:
May be an image of 2 մարդ, hair և outerwear-ը
— Հայաստանում գտնվելու օրերին դուք և շատ ուրիշ երգիչ-երգչուհիներ կրկին ենթարկվեցիք քննադատության՝ ժամանցի վայրերում Նոր տարվա միջոցառումներին մասնակցելու և երգելու համար: Դուք ասում էիք, որ դա ձեր աշխատանքն է: Ընդունեցի՞ն այդ մարդիկ ձեր բացատրությունները:
— Ես աշխատել եմ, ոչ թե քեֆ եմ արել: Դա իմ աշխատանքն է: Կային մարդիկ՝ ուրախանում էին, բայց՝ ոչ ես: Ես աշխատել եմ, ինչպես խանութի կամ բանկի աշխատակիցը: Մի՞ թե կա տարբերություն աշխատանքի մեջ:
— Դուք նաև շատ ակտիվ եք սոցցանցերում: Ձեզ վրա ազդո՞ւմ է այն բացասական մթնոլորտը, որ տիրում է այնտեղ, թե՞ փորձում եք ուշադրություն չդարձնել դրանց:
— Ազդում է, իհարկե, չարությունը, միմյանց հանդեպ տրամադրվածությունը: Սակայն ինչ կարող եմ անել: Բնական եմ համարում նաև այս էմոցիոնալ իրավիճակներում նման դրսևորումները: Բայց այս ամենին տրվելը շատ վնաս է:
— Ի վերջո, ըստ Ձեզ, ո՞ւր է մեզ հասցնելու այս անհանդուրժողականությունը:
— Մենք գնում ենք այնտեղ, ուր քամին է տանում կամ իրավիճակը: Կամ մարդկանց արարքներն են տանում կամ ուղղություն տալիս: Մարդիկ մեզ լավ տեղ չեն տանում: Պետք է հույսը ամեն մեկն իր վրա դնի, և կառուցենք մեր կյանքը: Վատ և չար մտքերը փոխարինենք բարի մտքերով: Լավատեսությունը մեզ կփրկի:
— Ե՞րբ կրկին կայցելեք Հայաստան:
Առաջ Աստված՝ ամռանը նորից կգամ:
![]()
![]()