«Այս պատերազմն Ապրիլյան պատերազմի շարունակությունն էր»․ Անդրանիկ Քոչարյան

365news.am-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը

– Պարոն Քոչարյան, Սերժ Սարգսյանն իր վերջին հարցազրույցում ձեր իշխանությանը մեղադրել է այն բանում, որ դուք հրաժարվել եք գնել 2500 ԱԹՍ։ Ինչո՞ւ եք հրաժարվել։

– Ես տեղյակ չեմ, թե այդ տեղեկատվությունն իրեն որտեղից։ Ո՞վ է առաջարկել, ե՞րբ է առաջարկել։ Տեսնո՞ւմ եք՝ Սերժ Սարգսյանի բոլոր մտքերը պտտվում են գնումների համակարգի մեջ, և ոչ թե ռազմական-փորձագիտական վերլուծությունների արդյունք են։

– Այսինքն՝ նման բան չի՞ եղել։

– Ես տեղյակ չեմ։ Եթե կա այդպիսի բան, մենք դա պետք է ընդունենք իբրև հաղորդագրություն ու տեսնենք, թե որտեղ է ձևակերպվել այդ առաջարկը։ Ինքը խոսում է 600 դոլարանոց զրահաբաճկոնների մասին, բնականաբար, հարց է առաջանում՝ դրանք իր կառավարման ժամանակ ինչո՞ւ ամբողջացված չէին։ Դա նշանակում է, որ իր կառավարման ժամանակ հաստատված պլանների մեջ մեր պահեստները չեն համապատասխանել լայնածավալ պատերազմի համար նախատեսված պահանջներին։

Դա լինի 2016 թվականի քառօրյա պատերազմը․․․ Էդ «քառօրյա» բառը ձեզ ոչինչ չի՞ հուշում։ Քառօրյա պատերազմից հետո մենք հրադադարի ռեժիմի հաստատման հնարավորություն գտանք Ռուսաստանում, այս լայնածավալ պատերազմի մեկնարկից 4 օր հետո հնչում է պահանջ՝ շուտ կանգնեցնել, այլևս կռվել չենք կարող։ Այսինքն՝ մեր բանակը, մարտական գործողությունների մեր պլանավորումները նախատեսված են եղել 4, 5, 6 օրվա համար։

Չէ՞ որ ցանկացած նոր ղեկավար կազմի գալով հաստատվում են նոր պլաններ։ Հիմա նոր նախարար, դրանք պետք է թարմացվեն, Գլխավոր շտաբը պետք է նորովի նայի ստեղծված իրավիճակից բխող գործողությունների պլանին։ Սերժ Սարգսյանը խոսեց 4 ժամ։ Նրա հիմնական նպատակն էր՝ վստահեցնել, որ Ալիևին հաղթել է 2016-ին, ինչպես նաև անընդհատ ասել «կապիտուլյանտ»։ Այդ «կապիտուլյանտն» իր թիմում ուներ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակներից եկող բազմաթիվ բարձրաստիճան զինվորականներ։

Մենք պետք է հասցնենք, այս հրադադարի ռեժիմն օգտագործելով, բանակը վերալիցքավորել, նոր սպառազինությամբ, կառավարիչների մակարդակի անխնա բարձրացմամբ, անտարբերությունն արմատախիլ անելով։ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը եղել են այն կառավարիչները, որոնք, արհամարելով ժողովրդին, մարդուն, նրան անտարբեր են դարձրել բանակի ներսում և դրսում եղած խնդիրների նկատմամբ։

– Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ եթե վերջին պատերազմի պարտության հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծվի ու այն ղեկավարի Անդրանիկ Քոչարյանը, մենք երբեք ճշմարտությունը չենք իմանա։ Ըստ Ձեզ՝ ինչի՞ց է Մարուքյանը եկել այսպիսի եզրակացության։

– Էդմոն Մարուքյանն ունի իր տեսակետը, բայց նման բան ասելուց առաջ լավ կլիներ, որ նա խորհրդակցեր Ապրիլյան քննիչ հանձնաժողովի՝ իր խմբակցության երկու ներկայացուցչի հետ։ Համոզված եմ, որ և՛ Գևորգ Գորգիսյանը, և՛ Ռուբեն Ստեփանյանն իրեն պատմած կլինեն, թե ինչպիսի ջանադրությամբ ենք մենք բոլորս աշխատել հանձնաժողովում ապրիլյան պատերազմի հանգամանքներն ի հայտ բերելու առումով։ Ցավում եմ, որ պարոն Մարուքյանը նման բան է ասել։

Հնարավոր է, որ Գորգիսյանը և Ստեփանյանն ամբողջությամբ չեն կիսվել հանձնաժողովի գործունեության մասին։ Հատկապես Գևորգ Գորգիսյանը շատ ակտիվ է եղել քննության սկզբում ու միջնամասում, վերջում նա այնքան էլ ակտիվ չէր, բայց երկուսն էլ ունեն հնարավորություն ամբողջ ծավալով ծանոթանալու մեր վերջնական եզրակացության հետ։ Ի զարմանս ինձ՝ չգիտես, թե ինչու վերջին փուլում իրենց պասիվությունից այնպիսի տպավորություն ստացա, որ քաղաքական նպատակահարմարություն չեն գտնում, որ հաստատեն հանձնաժողովի մեկ տարվա աշխատանքի արդյունքները։

Պարոն Մարուքյանը քաղաքական գործիչ է, ունի իր քաղաքական պատկերացումները, այս իրավիճակում ունի իր սցենարը, բայց երկու ճանապարհ կա՝ կամ մենք շարժվում ենք կանոնակարգ-սահմանադրական օրենքի պահանջներով, կամ շարժվում ենք պարոն Մարուքյանի քաղաքական ճաշակով ու նպատակահարմարությամբ։ Ես կարծում եմ, որ բոլոր դեպքերում ինչ հանձնաժողով էլ ստեղծվի, այն պետք է շատ բալանսավորված լինի և աշխատանքի արդյունքում ունենա հնարավորություն տիրապետելու այն տեղեկատվությանը, որը մեզ հաջողվեց ունենալ։ Իսկ եթե մեզ հաջողվեց ունենալ, ուրեմն՝ հաջողված է նաև այն օրենքը, որի շրջանակներում մենք ձևավորվեցինք ու սկսեցինք աշխատել։

ԱԺ-ն, իհարկե, ունեցել է անհաջող հանձնաժողովի փորձ՝ Մարտի 1-ի Նիկոյանի հանձնաժողովը։ Բոլորս տեսանք, որ այդ հանձնաժողովը ոչինչ չի կարող անել, որովհետև քաղաքական կոմպոնենտը թույլ չտվեց, որպեսզի հանձնաժողովը կենտրոնանա փաստերի վրա։ Այստեղ նույնպես ամեն մեկը փորձելու է փաստն իր քաղաքական ճաշակին համապատասխան օգտագործել։ Իսկ որպեսզի դրանից դուրս լինենք, լավագույն լուծումն ինձ համար բանակին հանգիստ թողնելն է, որպեսզի ինքն իր մեջ ուժ գտնի և իր վերլուծություններով ի հայտ բերի մեր ձախողումների խորքային պատճառները։ Որից հետո, եթե մեր հասարակության մեջ կասկածները պահպանված լինեն, կարծում եմ՝ միշտ էլ կարելի է գտնել իրավական այն ձևաչափը, որը կօգնի հասկանալ հարցերի իրական պատասխանները։

Ինձ համար այդ պատասխանների մի մասն արդեն գտնված է, որովհետև սա շարունակությունն էր ապրիլյան քառօրյա պատերազմի։ Այնտեղ մասշտաբը փոքր էր, այստեղ դա դրսևորվեց 44-օրյա պատերազմով ու շատ ավելի մեծ ճակատային գծով։ Ակնհայտ էր, որ հարվածի հիմնական ուղղություններից մեկը Մեղրին էր։ Եթե 20 տարի շարունակ մենք չենք լուծել ինժեներական կառույցների ֆունդամենտալ համակարգերի տեղաբաշխումը, որոնք կկասեցնեին նույնիսկ ամենաժամանակակից տանկերի շարժը, բա ո՞ւմ մեղադրենք։

Այստեղ մեղադրելու ժամանակը չէ, անցյալ տարի վարչապետ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանն ինժեներական մեծ կառույցի նախագծերն իրականություն դարձրեցին։ Այս պատերազմի ժամանակ այդ կառույցը միակն էր, որտեղ զինվորի կորուստ, համարյա, չունեցանք։ Եվ դա պետք է լիներ ամբողջ սահմանային գծով մինչև Արաքսի հովիտ։ Բայց դա շատ տարիների քրտնաջան աշխատանքի, նաև միջոցների ներդրման խնդիր էր։ Դա մեկ տարվա, երկու տարվա բան չէր։ Սերժ Սարգսյանը որոշ ճիշտ բաներ ասում էր՝ բանակի կառավարելիության, դրա անկման չափերի մասին։ Բայց դրանց ամբողջ պատկերն ունենալու համար մեզ նախ ժամանակ է պետք, մենք շատ հետ պետք է գնանք և 94-ի զինադադարից հետո գանք։ Իհարկե, կազարմաներ ստեղծվել են, բայց լիքը բացթողումներ են եղել։ Մենք բանակի ոգին հանել ենք, զինվոր-հրամանատար, զինվոր-զինվոր, եղբայրության ոգին կոտրել ենք։

– Նա նկատում է, որ դուք զինվորին սովորեցրեցիք, որ սպայի վրա «գործ տա»։

– Մենք չենք սովորեցրել։ Իր կողմից նշանակված գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն է դրանք դարձրել իրականություն, որը, այո, քայքայել է մեր բանակի կառավարման բուրգը։ Բայց չէ՞ որ պարոն Կոստանյանի այդ փոփոխությունների փաթեթը սկզբից զեկուցվել է Սերժ Սարգսյանին։ Ինքն ուրեմն չի կարդացել կամ մոռացել է։ Մենք այդ բոլոր փոփոխությունները վերանայելու փուլում ենք։

Զինվորները երեկոյան կարող են փոքրիկ կենցաղային պրոբլեմ ունենալ, բայց Գևորգ Կոստանյանը միշտ ցանկացել է, որ այդ կոնֆլիկտները լուծվեն ուժային ծանր հոդվածների միջոցով։ Էդպես չէ։ Այդ կոնֆլիկտը լուծող հրամանատարին դրել են մի կողմ։ Հնարավորություն են տվել, որպեսզի բողոքները գնան հրամանատարի վրա, նրա ասածը զինվորը կարող էր չանել։ Սերժ Սարգսյանը մի օրինակ բերեց, իբր, վարչապետն ասել է, եթե մի պրոբլեմ կա, թող զանգեն ինձ։

Չգիտեմ՝ ճիշտ է ասում, թե՝ սուտ, բայց թող որևէ վատ բան չփնտրի։ Եթե ասվել էլ է, եթե պրոբլեմն այնքան է խորացած ու մեր բանակում դա լուծողը չկա, վարչապետն ասում է՝ գտեք ինձ, ես փորձեմ օգտակար լինել։ Բայց չէ՞ որ բանակային համակարգն այնպիսի օրենսդրություն պիտի ունենա, որ հրամանատարը պիտի լուծի բոլոր խնդիրները։ Իսկ եթե մենք հրամանատարին այդ լուծումներից հեռացնում ենք կամ վախեցնում ենք քրեական գործերով, բա ո՞վ պիտի լուծի։

Ես չեմ ասում, որ կատարված հանցագործությունը չնկատեն, այդ հանցագործություններն էլ տեսակավորման խնդիր ունեն։ Մենք այդ ամբողջը պետք է վերանայենք։ Սերժ Սարգսյանի օրոք է եղել բանակի կառավարման մեջ շտաբի և նախարարության հետ ներդաշնակման անջրպետը։ Ինչո՞ւ ես դրել, պարոն Սերժ Սարգսյան, ինքն անընդհատ փորձել է հակասություններ ստեղծել, հակասություններով կառավարել, նույնիսկ պաշտպանության նախարարի ու Գլխավոր շտաբի միջև։ Ինքը կարող է ասել՝ միջազգային կառույցների պահանջն է, մարդու իրավունքներ և այլն։ Բայց ինքը պետք է նայեր մեր տարածաշրջանի անհրաժեշտությունների տեսանկյունից, ոչ թե ինչ-որ մեկի պահանջներին կամ ինչ-որ մեկին հաճոյանալու տեսանկյունից։

Ինքն անընդհատ խոսում է հաճոյանալու թեմաներից։ Դա նշանակում է, որ իրեն խորթ չէ հաճոյանալու համար գնալ շեղումների։ Այդ շեղումները մեզ տեսանելի են եղել, ու մենք չպետք է հապաղենք շտկել դրանք։ Ինձ համար ու շատերի համար այդ հարցազրույցը շարքային հարցազրույց էր, որտեղ ինքը փորձեց արդարացնել իր անձին ուղղված մեղադրանքները։ Բայց հարցազրույցներով չես արդարանա։

– Պարոն Սարգսյանը նաև նկատեց, որ դուք պատերազմը վարել եք ի սկզբանե պարտվելու տրամադրությամբ․․․

– Կա՞ աշխարհում մեկը, որը կուզի պարտվել պատերազմում, որևէ իշխանություն, որևէ միապետ, որևէ ժողովուրդ, ազգ։ Չկա երաշխիք, որ միշտ հաղթանակներ պիտի տանես։ Հաղթանակից էլ պետք է ճիշտ օգտվել։

– Պարոն Քոչարյան, Դուք քննելո՞ւ եք այս պատերազմի հանգամանքները։

– Ես ասել եմ՝ նախ պետք է դադարեցնել դավաճանների փնտրտուքը, դա մեզ լավ տեղ չի տանի ու այդ մեղադրանքների տակ մենք չենք գտնի ճանապարհը, որով պետք է դուրս գանք ճգնաժամից։ Բայց սա այն ճգնաժամը չէ, որ ընտրություններով պետք է հաղթահարենք։ Ընտրություններով մենք կարող ենք խորացնել այս ճգնաժամը։ 4 ժամանոց հարցազրույցն էլ չի օգնի, որտեղ առաջարկվում է ճգնաժամը խորացնել, որպեսզի ժողովուրդը հույս ու հավատ չունենա։

– Պարոն Քոչարյան, ո՞վ է այս պատերազմի պարտության գլխավոր մեղավորը։

– Գլխավոր մեղավորությունն այն բանում է, որ ճիշտ չօգտվեցինք ճակատագրի մեզ տրված հնարավորությունից։ Քանի դեռ ի վիճակի չենք այդ հնարավորությունները ճիշտ գնահատել, մենք անընդհատ մեղավոր ենք փնտրելու։

– Նիկոլ Փաշինյանին մեղադրում են, որ ինքը չկանխեց պատերազմը։ Համաձա՞յն եք։

– Մեղադրողներն ինչո՞ւ իրենք չկանխեցին։ Նույն Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Լևոն Տեր-Պետրոսյանն իրենց ժամանակին։ Բոլոր այն կառավարիչները, որոնք բանակցել են։

– Տեր-Պետրոսյանը պատկերացնում էր, պարոն Քոչարյան։

– Չէ, այդ դեպքում թող լուծումներ տար։

– Նա տալիս էր։

– Չէ, պետք է հստակ գործնական լուծումներ տար։ Իրականացներ այն ծրագրի ավարտը, որը սկսվել էր։ Նա ասաց հայտնի ուժեր ու գնաց։ Հետո եկավ Ռոբերտ Քոչարյանը, հետո հույս ծագեց, երբ ժողովուրդն ընտրեց Կարեն Դեմիրճյան-Վազգեն Սարգսյան դաշինքը։ Բայց կառավարման համակարգը նախագահական էր, և իշխանության տնօրինման հարց առաջացավ։ Տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ը, մենք կորցրեցինք գործադիր և օրենսդիր իշխանության ղեկավարությունը, և 6 ամիս դավաճաններ փնտրելով՝ Քոչարյանը շանս ունեցավ այդ 6 ամիսն օգտագործել իր իշխանությունն ամրապնդելու, իր հակառակորդներին մեկուսացնելու, մնացածին առնելու տարբեր ձևաչափերով՝ մեկին ուսադիրներով, մեկին փողով։

Եվ իր իշխանությունը հաստատելու համար Արամ Սարգսյանին ուղարկեց տուն, Վաղարշակ Հարությունյանին հակասահմանադրական եղանակով ազատեց պաշտպանության նախարարի պաշտոնից և այն քաղաքական թիմը, որը ժառանգություն էր մնացել Արամ Սարգսյանին՝ ՀՀԿ-ն, տարրալուծվեց ու սկսվեց այն ընթացքը, որը կանխատեսել էր Լևոն Տեր-Պետրոսյանը՝ իշխանության են գալիս ուժեր, որոնց նպատակը Ղարաբաղի հարցի լուծումը չէր, այլ հենց իշխանություն վերցնելը։

Արդյունքում բանակցությունները գնացին այլ ուղղությամբ՝ ոչ թե փաթեթային-փուլային, այլ, ցանկություն չունենալով հարցը լուծել, բերեցինք պատերազմի։ 2016-ին հակառակորդը ցույց տվեց, որ պատրաստ է պատերազմի։ Հետո իշխանափոխություն տեղի ունեցավ։ Պարզվեց, որ,-և դա խոստովանում է Ղարաբաղի ԱԺ նախագահը,-որ Սերժ Սարգսյանը ապրիլյանից հետո ասել է՝ էլ «Ղարս, Ղարս» չպիտի երգենք, հողերը պիտի տանք։ Անկեղծացել է։ Պարզվեց, որ 2016-ի հրադադարին մենք համաձայնվել ենք հենց հողերը տալու համար։

Հիմա այդ տալը չեղավ ու բանակցային ֆորմատի մեջ նոր էլեմենտի հաստատում ծնվեց՝ Ղարաբաղի մասնակցությունը։ Դա տեղի չունեցավ, աշխարհում քաղաքական այնպիսի դասավորություններ եղան՝ կորոնավիրուս, ԱՄՆ նախագահի ընտրություններ, Մինսկի խմբի եռանախագահների պասիվություն, Թուրքիայի ակտիվություն, ու Ադրբեջանը շանս ունեցավ իրացնել, պատերազմի միջոցով իր խնդիրները լուծել։ Կարո՞ղ էր չհաջողել, կարող էր, եթե մենք լինեինք միակամ։ Պատերազմի ամբողջ ընթացքում մենք միակա՞մ էինք։

– Մենք հավատում էինք հաղթանակին։

– Իհարկե, հավատում էինք հաղթանակին, որովհետև բա ի՞նչ՝ հավատայի՞նք պարտությանը։ Այդ միակամությունը պետք է գեներացվեր։ Սերժ Սարգսյանը մի վտանգավոր բան էլ է ասում՝ Հայաստանի Զինված ուժերի պասիվ մասնակցություն։ Եկեք այդ մասին չխոսենք։ Այս պատերազմում մենք հնարավոր բոլոր ռեսուրսներն օգտագործել ենք։

– Մենք մենակ չե՞նք թողել Ղարաբաղին։

– Ոչ։ Ղարաբաղի նախագահը բազմիցս հաստատել է, որ մենք Ղարաբաղին մենակ չենք թողել։ Սամվել Բաբայանի հարցազրույցը լսեք՝ Հայաստանը տվել է այն ամենը, ինչ ուներ։ Այլ հարց է՝ ինչո՞ւ Հայաստանն այդքանն ուներ, և ոչ թե ավելին։ Այդ ինչո՞ւ ավելին չուներ, գտնվում է Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիների թաքստոցներում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ