Մեր պայքարն ու վրեժը չի դադարելու. Գագիկ Ծառուկյանի որդու մասնակցությամբ սպանության գործը անտարբերության է մատնվել

Այսօր լրանում է երկու տարի, ինչ Աբովյան քաղաքի «Պարտեզ» ռեստորանի մոտ ստացած հրազենային վիրավորումներից 12 օր կոմայի մեջ մնալուց հետո մահացավ 20-ամյա Ջիվան Հարությունյանը։ Տղայի սպանությունից հետո հարուցված քրեական գործի շրջանակներում երկու տարի անց, սակայն, որևէ էական առաջընթաց չկա։

Հիշեցնենք, որ 2019-ի հունվարի 29-ին ԱԺ նախկին պատգամավոր Շշի Մելո մականվամբ Մելիք Մանուկյանին պատկանող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ կրակոցներ էին հնչել։

Դրանից առաջ, հունվարի 28-ին՝ ժամը 22:50-ի սահմանում վիճաբանություն էր ծագել ավտոդողերի նորոգման կետի երեք աշխատողների (որոնք եղբայրներ են) և Աբովյան քաղաքի՝ 1991թ. ծնված բնակչի ու նրա ընկերների միջև, ինչը վերաճել էր ծեծկռտուքի: Երիտասարդը, չհաշտվելով տեղի ունեցածի հետ, կարճ ժամանակ անց իր կողմնակիցների հետ մի քանի ավտոմեքենաներով վերադարձել էր ավտոդողերի նորոգման կետ, շարունակել խուլիգանական գործողությունները։ Եղբայրներից մեկը, այս մասին իմանալով, կեսգիշերին մոտ կատարվածի մասին տեղեկացրել էր իր կողմնակիցներին, որոնք հանդիսացել էին Նվեր Ծառուկյանի ընկերները։ Դարձյալ տեղի էր ունեցել վիճաբանություն, ինչի ընթացքում նշված անձինք ապօրինի կերպով ձեռք բերած և իրենց մոտ պահվող «Մակարով» տեսակի 7 ատրճանակներից, «ՏՏ» տեսակի 1 ատրճանակից, «ՊՍՄ» տեսակի 1 ատրճանակից և 2 որսորդական հրացաններից բազմաթիվ կրակոցներ էին արձակել միմյանց ուղղությամբ, սուր ծակող-կտրող գործիքներով և մետաղե լինգերով, ոտքերով և ձեռքերով հարվածներ հասցրել միմյանց:

Հնչած կրակոցների հետևանքով երկու մարդ մահացել էր, իսկ ութը՝ ստացել տարբեր աստիճանի հրազենային վիրավորումներ։

Մահացածներից մեկի հարազատները որևէ դժգոհություն առ այսօր չեն ներկայացրել, սակայն Ջիվան Հարությունյանի հարազատները մինչ օրս պայքարում են արդարադատության համար։

Ջիվանի հորաքույրը՝ Նազիկ Հարությունյանը «Առաջին լրատվական»-ին փոխանցեց, որ քրեական գործից որևէ նորություն չկա, անգամ վերջին շրջանում հետևողականություն էլ չի նկատվում գործի նկատմամբ։ «2 տարի անց տվյալ պահին Ջիվանի սպանության համար դեռ ոչ մի ձերբակալված էլ չկա, այն դեպքում, երբ բոլորին շատ լավ հայտնի է հանցագործների շրջանակը»,- ասաց տիկին Հարությունյանը։

Նշենք, որ Ջիվան Հարությունյանի հարազատների տրամադրության տակ եղած փաստաթղթի համաձայն, որը նրանց է տրամադրվել ՀՀ քննչական կոմիտեից, նշվում է, որ քրեական գործի շրջանակներում իրականացված օպերատիվ հարցման արդյունքում տվյալներ են ձեռք բերվել, որ նշված հանցագործությունը կատարել է Նվեր Ծառուկյանը։ Վերջինս հանդիսանում է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի ավագ որդին։ Քրեական գործով, սակայն, Նվեր Ծառուկյանը առ այսօր վկայի կարգավիճակ ունի։

Նազիկ Հարությունյանի խոսքերով՝ հենց Գագիկ Ծառուկյանի գործոնով պայմանավորված է, որ առ այսօր իրենց որդու սպանության հանգամանքները չեն պարզվում, և մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվում։ «Բնականաբար, Ծառուկյանի գործոնը կա, որովհետև Ծառուկյանի փոխարեն, եթե լիներ շարքային քաղաքացի, ապա դեռ երկու տարի առաջ գործը բացահայտված կլիներ։ Առնվազն զավեշտ է, որ բոլորը գիտեն իրական հանցագործներին, բայց փորձում են խեղաթյուրել, կոծկել իրականությունը, իսկ վերջերս՝ առհասարակ մատնել անտարբերության»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով. «Իհարկե, գործի չբացահայտման ամբողջ պատասխանատվությունը իշխանությունների ուսերին է՝ դատական բարեփոխումների փորձը տապալելով։ Արդեն բազմիցս համոզվել ենք, որ այս գործը դարձրել են քաղաքական շահարկումների թեմա, ուստի, այժմ ոչ մի ակնկալիք այլևս չունենք, որ արդարությունը կվերականգնվի»։ Միևնույն ժամանակ, սակայն, տիկին Հարությունյանը շեշտեց, որ որքան էլ սպառվել են իրենց՝ արդարությունը վերականգնելու «գործիքները», միևնույն է չեն դադարելու իրենց պայքարն ու վրեժը։

Քննչական կոմիտեից «Առաջին լրատվական»-ին փոխանցեցին, որ գործով քննչական և օպերատիվ աշխատանքները շարունակվում են։

Քննչական կոմիտեից ավելի վաղ հայտնել էին, որ այս գործով մեղադրյալ ներգրավվել է 22 անձ, որոնցից 7 անձի վերաբերյալ մասն անջատվել է հիմնական գործից: Անջատված մասով նախաքննությունն ավարտվել է, և գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Անջատված մասով մեղադրյալներից 3 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, 1 անձի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին, 2 անձի նկատմամբ՝ գրավ: Քրեական գործով հարցաքննվել է 100-ից ավելի վկա, իսկ 6 անձ ճանաչվել է որպես տուժող:

Մյուս մեղադրյալների, սպանությունների, ապօրինաբար երկու կամ ավելի անձանց դիտավորությամբ կյանքից զրկելու, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու, հիշյալ անձանց հրազենային և այլ բնույթի մարմնական վնասվածքներ պատճառելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, կրելու, խմբի կազմում զենքով և որպես զենք օգտագործվող առարկաներով խուլիգանություն կատարելու դրվագներով, ինչպես նաև գործով դեռևս չպարզված անձանց վերաբերյալ մասով նախաքննությունը շարունակվում է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ