![]()
Թուրքիան մտադիր է սկսել Sputnik V պատվաստանյութի արտադրությունն ինչպես սեփական կարիքների, այնպես էլ արտահանման համար: ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ Թուրքիայի իշխանությունները պատրաստ են գրանցել և արտադրել ռուսական Sputnik V կորոնավիրուսի պատվաստանյութը թունաբանական հետազոտության դրական արդյունքների դեպքում:
Ավելի վաղ Ռուսաստանի ուղղակի ներդրումների ֆոնդը (RDIF) պայմանագիր էր կնքել թուրքական դեղագործական առաջատար արտադրողի հետ` Թուրքիայում ռուսական Sputnik V հակակորոնավիրուսային պատվաստանյութի արտադրության վերաբերյալ և սկսել տեխնոլոգիայի փոխանցումը:
«Մենք բանակցություններ ենք վարում տարբեր երկրների և ընկերությունների հետ, հատկապես նրանց, ովքեր պատրաստ են մեզ պատվաստանյութեր տրամադրել մինչև ապրիլ: Սկզբնապես մենք կենտրոնացել էինք երեք պատվաստանյութերի վրա` ռուսական, չինական և թուրքական մշակման: Ռուսական Sputnik V պատվաստանյութը չուներ թունաբանական բավարար տվյալներ։ Հետազոտության արդյունքում մենք պատրաստ ենք ոչ միայն գրանցել և ձեռք բերել դրանք, այլև արտադրություն հիմնել Թուրքիայում », – Անկարայում լրագրողներին ասել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան:
Lancet գիտական ամսագիրը նախկինում հրապարակել էր «Sputnik V»-ի կլինիկական փորձարկումների երրորդ փուլի արդյունքները ՝ հաստատելով դրա բարձր արդյունավետությունն ու անվտանգությունը: Պատվաստանյութի արդյունավետությունը կազմում է 91,6%: Պատվաստանյութը լիովին պաշտպանում է նոր կորոնավիրուսային վարակի ծանր դեպքերից: Sputnik V պատվաստանյութի օգտագործումը հաստատվել է 24 երկրում:
![]()