ԳԱԱ ուսանող Վահե Ղահրամանյանը ոչնչացրել է թշնամու ավելի քան 15 տանկ

Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնը ներկայացնում է իրենց ուսանող, պատերազմի մասնակից Վահե Կամոյի Ղահրամանյանի մասին, որը սեպտեմբերի 27-ից մասնակցել է պաշտպանական շրջանների մարտական գործողություններին։

Նրա մասնակցությամբ բազմաթիվ հերոսական դրվագների մասին են պատմում նաև մարտական ընկերներն ու հրամանատարները։ Հոկտեմբերի 3-ի տվյալներով՝ Վահեն իր տանկով ոչնչացրել է թշնամու՝ 15 և ավելի տանկ:

Պատմում են նաև, թե ինչպես փոխգնդապետ Բազիկյանի հրամանատարությամբ նա Եղնիկների ուղղությամբ (7-րդ պ/շ) 1 տանկով շարքից հանել է մի քանի ՀՄՄ և հակառակորդի դիտակետեր։

Հոկտեմբերի 7-ին կատաղի մարտեր են ընթացել Ֆիզուլի-Ջաբրայիլ ուղղություններով: Առաջին մարտի ժամանակ Վահեն հասցրել է մարտադաշտից դուրս բերել բազմաթիվ վիրավոր և զոհված ընկերների: Նույն օրը՝ երկրորդ մարտի ժամանակ, 20 ժամ անընդմեջ եղել է մարտական գործողությունների կիզակետում։ Սրանք ընդամենը մի քանի դրվագ են մեր հայորդու սխրագործություններից։

Ցավոք, Վահեից դեռևս որևէ լուր չկա:

Ծնվել է 1997 թ. հունվարի 31-ին Լոռու մարզի Օձուն գյուղում։ 2014 թ. ավարտել է Տիգրան Մեծ ռազմամարզական վարժարանը, 2014 — 2018 թթ. սովորել և ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը։ Համալսարանն ավարտելուց հետո ՊԲ զորամասում նշանակվել է տանկային դասակի հրամանատար։

Կուրսընկերներն անասելի ցավով են խոսում Վահեի բացակայության մասին: Ռայան՝ կուրսի ավագը, պատմել է, որ Վահեն մանկուց ապրել և մեծացել է զինվորական կենսակերպով:

«Վահեն եղել է պրոֆեսիոնալ զինվորական, բոլորի կողմից շատ սիրված, անչափ բարի, հավասարակշռված և նվիրվող երիտասարդ: Չեմ կարող նրա հետ կապված որևէ բացասական դրվագ հիշել: Վահեի բացակայությունը անչափ ծանր է անդրադարձել յուրաքանչյուրիս վրա»,- նշել է Ռայան:

Վահե Ղահրամանյանը ներկայացված է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ողջ անձնակազմն իր երախտիքի խոսքն ու աջակցությունն է հայտնում մարտի ընթացքում ընկած բոլոր տղաների ընտանիքներին:

«Հավերժ փա՛ռք մեր Հերոսներին

Հավերժ փա՛ռք Վահեին»

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ