«Թուրքական ապրանքը կարող է մուտք գործել Վրաստան, վերագրանցվել եւ մտնել Հայաստան…». Սամսոնյանը՝ Էկոնոմիկայի նախարարին

Ո՞ր շուկաներն են փոխարինելու թուրքական շուկային, որպեսզի տնտեսվարողները կարողանան վերադասավորվել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 10-ին, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին հարց ուղղեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

«2020 թվականի դեկտեմբերի 31-ին Կառավարության որոշմամբ արգելք դրվեց թուրքական ապրանքների ներմուծման վրա։ Բոլորս գիտակցելով որ դա կարեւոր խնդիր կարող է առաջացնել մեր տնտեսության եւ առեւտրաշրջանառության վրա բարձրացրել ենք մտահոգություններ, թե ինչպե՞ս է իրականացվելու այդ գործընթացը։ Ո՞ր ապրանքները կարող էին արտադրվել Հայաստանում, որպեսզի դրանց ուղղությամբ կատարվեին համապատասխան աշխատանքներ։ Հիշեցնեմ նաեւ, որ Կառավարությունն ու նախարարությունը հայտարարել էին, որ թուրքական ապրանք ներմուծող տնտեսվարողներին կօգնեն նույն ապրանքները ներմուծել այլ շուկաներից։ Խնդրում եմ ներկայացնել՝ ինչպես կարողացան տնտեսվարողները վերադասավորվել եւ ո՞ր շուկաներում, ո՞ր ապրանքներին այլընտրանք ապրանքների արտադրություն է սկսվել Հայաստանում»,- հարցրեց Սամսոնյանը։

Վահան Քերոբյանը պատասխանեց, որ 2020 թվականի հունվարի 1-ից 2250 ապրանքային անվանում արգելվել է ներմուծել։

Նա նշեց, որ Էկոնոմիկայի նախարարությունն օնլայն ռեժիմով աշխատում է բազմաթիվ տնտեսվարողների հետ, որոնք ունեցել են խնդիրներ եւ ունեն դեռեւս խնդիրներ ապրանքներ ներմուծելու կամ պատվիրված ապրանքները չստանալու հետ կապված. «Մենք աշխատանքային կարգով այդ բոլոր խնդիրները լուծում ենք»։

Անդրադառնալով նշված ապրանքի փոխարինմանը՝ նախարարն ասաց. «Մեր ֆոկուսն այն է, որ ներմուծվող ապրանքները փոխարինվեն առաջին հերթին հայկական ապրանքներով։ Նաեւ ուշադրություն ենք դարձնում պարսկական, չինական եւ ԵԱՏՄ շուկաներին»։

Անի Սամսոնյանն արձագանքելով նախարարին՝ հարցրեց՝ արդյոք ինքը կարողացե՞լ է գոհացնել տնտեսվարողների մեծամասնությանը. «Որովհետեւ ես տնտեսվարողներից լսում եմ բազմաթիվ մտահոգություններ, որ իրենք չեն կարողանում գտնել նախարարության աջակցությունը»։

Պատգամավորը նաեւ ասաց, որ տեղեկություններ կան, թե թուրքական ապրանքը կարող է մուտք գործել Վրաստան, վերագրանցվել եւ մտնել Հայաստան։

Քերոբյանն էլ հակադարձեց պատգամավորին, նշելով, որ ինքն էլ կարող է բերել բազմաթիվ օրինակներ, որ տնտեսվարողները գոհունակությամբ արձագանքում Կառավարության այդ որոշմանը։

«Ձեր ասած խնդրի մասին ես չգիտեմ։ Եթե նույնիսկ այդ ապրանքները ներմուծվում են Վրաստան, հետո ներմուծվում են Հայաստան, ապա դրանց ծագումը չի փոխվում, դրանք չպետք է ներմուծվեն Հայաստան։ Ձեր նկարագրածը կարելի է որակել որպես մաքսանենգություն, որի դեմ ՊԵԿ-ը հաջողությամբ պայքարում է»,- նշեց նախարարը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ