«Պատերազմի մասին ճշմարտությունը բավականաչափ քննարկվել է, 1000-ից ավելի քրգործ կա…». Նիկոլ Փաշինյան

Մենք 3 ամիս է՝ առաջարկում ենք փաստահավաք խումբ ստեղծել եւ քննել նախապատերազմյան շրջանը, պատերազմի կառավարման ընթացքը, նախապատերազմյան շրջանում սպառազինությունը, բանակցությունների ընթացքը եւ համապատասխան զեկույցով հանդես գալ ժողովրդի առջեւ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 10-ին, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նա այդ նախագծի առնչությամբ հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Վերջին հաշվով մարդիկ ուզում են իմանալ՝ ի՞նչ է տեղի ունեցել։ Ես առաջարկում էի ստեղծել փաստահավաք խումբ, անցել է 3 ամիս, որեւէ ձեւով կոնսենսուսի չենք եկել, «Իմ քայլը» դեմ է արտահայտվել։ Ես պատրաստել եմ օրենքի նախագիծ, որով առաջարկում եմ ստեղծել փաստահավաք խումբ։ Հազարավոր մեր եղբայրներն են զոհվել, հազարավոր կիլոմետրերով տարածք է հանձվել, Զինված ուժերի մեծ կորուստ ենք ունեցել եւ չենք ուզո՞ւմ քննել եւ ճշմարտությունը ներկայացնել ժողովրդին»։

Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ, ըստ այդ նախագծի, պետք է ստեղծվեր պարիտետային հանձնաժողով, որն ինքն ուսումնասիրել եւ տեսել է, որ այդ նախագծով հանձնաժողովը 70 տոկոսով պիտի ձեւավորվի այն քաղաքական ուժերից, որոնք այդ հարցերի բոլոր պատասխաններն արդեն տվել են տարբեր ամբիոններից. «Այսինքն՝ եթե այդ ուժերի համար կա քննության կարիք, ինչու են նրանք արդեն հրապարակել եզրակացությունները։ Վերջին անգամ մենք փորձել ենք նաեւ ձեզ հրավիրել այդ թեմայի վերաբերյալ քննարկման, սակայն դուք հարկ չեք համարել, որպեսզի գաք եւ այդ քննարկումը տեղի ունենա։ Դուք ասում եք՝ վրաերթ է լինում, քրեական գործ է հարուցվում։ Այս պահին պատերազմին առնչվող հազարից ավելի քրեական գործ կա քննվող, որոնք քննվում են։ Քննության քաղաքական մեխանիզմը հստակ դրված է գործող օրենսդրության մեջ եւ այդ մեխանիզմը ԱԺ քննիչ հանձնաժողովն է, որը կարող է ձեւավորվել օրենսդրության համապատասխան կարգավորումների համաձայն»։

Անդրադառնալով պատերազմի մասին ճշմարտության բացահայտմանը՝ վարչապետ Փաշինյանն ասաց. «Կարծում եմ՝ պատերազմի մասին ճշմարտությունը, համենայն դեպս, բավականաչափ քննարկվել է, եւ ես ձեզ հետ միանշանակ համաձայն եմ, որ մինչեւ վերջին դետալը պետք է պարզվի։ Այնպես չի որ այդ քրեական գործերը տվել են անհրաժեշտ հարցերի պատասխանները, բայց պետք է ամեն ինչ անել, որ տան այդ հարցերի պատասխանները»։

Մարուքյանն էլ արձագանքեց, որ, օրինակ՝ «Մարտի 1-ի» դեպքերից հետո կար հարուցված քրեական գործ, բայց ստեղծվեց փաստահավաք խումբ, Ապրիլյան պատերազմից հետո կային հարուցված քրեական գործեր, բայց երկրում ստեղծվեց քննիչ հանձնաժողով։

«Քննիչ հանձնաժողով ստեղծելը հղի է նրանով, որ չի ունենալու այն վստահության մակարդակը որովհետեւ մեծամասամբ ձեւավորված են լինելու իշխանությունից, հետեւաբար լեգիտիմությունը ցածր է լինելու։ Քրեական գործերով չի լինելու վստահություն։ Լինելու է հետեւյալ, որ դուք հարուցել եք քրեական գործ՝ մեղքի բեռը ձեր վրայից գցեք»,- նշեց Էդմոն Մարուքյանը։

Վարչապետն էլ ասաց, որ Մարուքյանի այդ նախագծին դեռ չի ծանոթացել. «Եկեք ես այս պահին չշարունակեմ իմ պատասխանը, այդ տեքստին կծանոթանամ, կարձագանքեմ։ Իմ պատասխանը հիմնված էր ձեր նախորդ տեքստի վրա»։

Էդմոն Մարուքյանն էլ Նիկոլ Փաշինյանին փոխանցեց նախագիծը, որ ծանոթանա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ