Ռուստամ Բաքոյանը առաջարկում է հոկտեմբերի առաջին կիրակին նշել որպես ազգային փոքրամասնությունների օր

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ազգությամբ եզդի Ռուստամ Բաքոյանը առաջարկում է Ազգային փոքրամասնությունների օրը սեպտեմբերի վերջին շաբաթ օրվա փոխարեն նշել հոկտեմբերի առաջին կիրակի օրը:

Այս մասին պատգամավորն ասաց ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ հավելելով, որ նախագիծը դրել էին շրջանառության մեջ մինչև պատերազմի սկսելը:

«Հետևաբար պատերազմից հետո մենք չէինք կարող թողնել սեպտեմբերի վերջին շաբաթ օրը, որովհետև եթե չեմ սխալվում, յոթ տարին մեկ լինելու է սեպտեմբերի 27-ին, հետևաբար մեզ համար սեպտեմբերի 27-ը չի կարող նշվել որպես տոն:

Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ մենք քննարկել ենք օրը տեղափոխելու հարցը, և եկել ենք այն եզրահանգման, որ հոկտեմբերի առաջին կիրակին ընդունելի է գրեթե բոլոր ազգային փոքրամասնությունների համար, և առաջարկում եմ հոկտեմբերի առաջին կիրակի օրը նշել որպես ազգային փոքրամասնությունների օր»:

Նախագիծը հանձնաժողովի նիստում դրական եզրակացություն ստացավ:

Հիշեցնենք՝ այս տարվա հունվարի 21-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել էր «Տոների և հիշատակի մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծը, որով առաջարկվում էր սեպտեմբերի վերջին շաբաթ օրը նշել որպես Ազգային փոքրամասնությունների տոն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ