![]()
Դաշնակցական Աղվան Վարդանյանն այսօր Ազգային ժողովում էր. լրագրողներն արձանագրեցին, որ նա ԲՀԿ-ական Հրանտ Մադաթյանի աշխատասենյակից էր դուրս գալիս: Ինքը նախկին պատգամավորը չցանկացավ ուղիղ այդ մասին ասել:
Իրեն բնորոշ տոնով Վարդանյանն ասաց. «Պատգամավորների երեւի 90 տոկոսին չեմ ճանաչում, հեռվից գիտեմ, եկել եմ ծանոթանամ, շփվեմ: «Լուսավոր Հայաստանից» մի քանի հոգու ճանաչում եմ, «Բարգավաճ»-ի զգալի մասին ճանաչում եմ: Խոսքս հիմնականում «Իմ քայլի» պատգամավորներին էր վերաբերում»:
Այնուհետեւ փորձելով վիրավորական երանգավորումներ տալ իշխող խմբակցության պատգամավորների մասին իր խոսքին՝ նաեւ նշեց խորհրդարան իր այցի այլ պատճառ.
«Ցանկանում էի տեսնել՝ երկրում ռազմական դրության պայմաններում արդյոք պատգամավորները զրահաբաճկոններով եւ սաղավարտներո՞վ են, բայց միջանցքներում արտասովոր լռություն էր, կարծես սենյակներից էլ դուրս չեն գալիս»,- նկատեց հայտնի դաշնակցականը:
Լրագրողները փորձեցին նրանից լուրջ հարցերի պատասխաններ ստանալ: Մասնավորապես հետաքրքրվեցին, թե ինչպես է վերաբերում իշխանության շրջանակներից եկող այն տեսակետներին, որ նախկին իշխանություններից են ժառանգել արցախյան խնդիրը, եւ անխուսափելի էր պատերազմը:
Այդ ամենը Վարդանյանը հերթական սուտը, կեղծիքը եւ մանիպուլյացիան համարեց: «Առաջին նախագահի, երկրորդ նախագահի, երրորդ նախագահի օրոք մենք կարողացել ենք ազատագրել Արցախը, ունենալ ուժեղ բանակ»,- ասաց Աղվան Վարդանյանը՝ հավելելով, թե երկուսուկես տարին բավարար էր քանդելու համար այդ ամենը:
Հարցին՝ քանի որ ամեն ինչից տեղյակ է, կարող է ասել՝ Ապրիլյան պատերազմը Սերժ Սարգսյանը ի՞նչ խոստման դիմաց կանգնեցրեց, արդյոք խոստացե՞լ էր տարածքներ տալ, դաշնակցականը պատասխանեց. «Իսկ դուք որտե՞ղ եք տեսել, որ պարոն Սարգսյանը խոստում է տվել»:
Խոսելով «Իմ քայլի» հայտարարության մասին, թե արտահերթ ընտրությունների պահանջ չկա՝ Վարդանյանը հայտարարեց, որ իշխանությունները երկու ճանապարհ ունեն՝ կա՛մ կպարտադրվի հեռացում, կա՛մ ստիպված կլինեն կրկին իրենց խոսքը փոխել եւ գնալ ընտրությունների:
«Բնականաբար, փոփոխություն լինելու է, իշխանությունը փակեց սահմանադրական ճանապարհը, ուրեմն կլինեն ցնցումներ, հանրային ճնշումներ: Այն, որ հանրային պահանջ չկա, իշխանության հերթական ստախոսության դրսեւորումն է: Չէ՞ որ խոսք կա՝ եկել է ժողովրդի վրեժի ժամանակը: Սա ելք չի, ինչքան կարող են փակվել սենյակներում՝ անվտանգության աշխատակիցներով, Արտաշատում տեսանք, թե ինչ տեղի ունեցավ: Նրանք կործանել են այս երկիրը եւ նրանք հեռանալու են…. սիրով են հեռանալու»:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Ձեր խոսքում ասացիք՝ Ռոբերտ Քոչարյանը ոչ մի գործ իր ղեկավարման տարիների ընթացքում կիսատ չի թողել, բայց ունենք փաստացի չկանխված Հոկտեմբերի 27, Մարտի 1, Աղվան Վարդանյանը արձագանքեց. «Դուք որտեղի՞ց եք»:
Լսելով լրատվամիջոցի անունը՝ ասաց. «Հանրային հեռուստաընկերություն: Չի կարելի, դուք ձեր պատասխանն արդեն ստացել եք: Գնացեք, զբաղվեք Հոկտեմբերի 27-ով, Մարտի 1-ով եւ ձեր մյուս…»:
![]()