![]()
Արցախյան պատերազմի օրերին ադրբեջանական կողմը հրապարակեց մի տեսանյութ, որտեղ իբրև թե ադրբեջանցի զինվորները մոտենում են Ազնիվ անունով մի հայ կնոջ, որն ապրում է Արցախում, և կինը նրանց բարի գալուստ է մաղթում իրենց տուն: Հայաստանյան հասարակությունն ի սկզբանե կասկածի տակ առավ կնոջ հայ լինելը, սակայն հետագայում պարզվեց, որ նա իսկապես հայ է, բայց՝ գերեվարված, իսկ տեսանյութը՝ բեմադրված:
Գերեվարվելուց մեկ ամիս անց Ադրբեջանը, ի թիվս այլ գերիների, հայկական կողմին վերադարձրեց նաև Ազնիվ Բաղդասարյանին: Այսօր Ազնիվն ապրում է Ապարանի գյուղերից մեկում և գտնվում ծանր սոցիալական պայմաններում:
Նույն տեսանյութում Ազնիվ Բաղդասարյանը որոշ մանրամասներ է պատմում իր հետ տեղի ունեցածի մասին: Գերեվարվելուց երեք ամիս անց ազատամարտիկ-կինը նշում է, որ մինչ օրս չի կարողանում ամբողջապես վերաինտեգրվել հասարակության մեջ, քանի որ հաճախ մարդիկ նրան մեղադրում են և ատելությամբ վերաբերվում:
«Ես մինչև հիմա չեմ կարողանում տնից դուրս գամ, ես դուրս եմ գալիս խանութ… մարդ կա՝ ցավով է նայում, մարդ կա՝ անտարբեր է նայում, մարդ էլ կա՝ ընենց ատելությունով է նայում, որ կարծես պատերազմը ես եմ պարտվել: Բայց ես չեմ եղել դավաճան ու կյանքում չեմ լինի»,- հուզմունքով ասում է Ազնիվ Բաղդասարյանը եւ հավելում, որ սիրել է, սիրում է և կսիրի իր հայրենիքը:
![]()