Պավլիկ Մանուկյանը և Վարուժան Ավետիսյանը դատապարտվեցին 7, Սմբատ Բարսեղյանը՝ 25 տարվա ազատազրկման․ դատարանը հրապարակեց «Սասնա ծռերի» գործով վճիռը

2016 թվականին ՊՊԾ գնդի գրավման գործով այսօր դատարանը հրապարակեց վճիռը։

Դատավոր Մեսրոպ Մակյանի որոշմամբ՝ խմբի անդամները մեղավոր ճանաչվեցին ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը), 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք պահելը), 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով (կազմակերպված խմբի կողմից զենք հափշտակելը) և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով (հասարակական պարտքի կատարման համար երկու կամ ավելի անձանց զուգորդված՝ մարդուն առևանգելով կամ պատանդ վերցնելով սպանությունը) արարքներ կատարելու համար:

Դատարանի որոշմամբ՝ Պավլիկ Մանուկյանը դատապարտվեց 10 տարի ժամկետով ազատազրկման․ հաշվի առնվեց 2 տարի կալանքի տակ մնալը և վերջնական պատիժ սահմանվեց 7 տարի ազատազրկումը։ Գագիկ Եղիազարյան դատապարտվեց 7 տարի 5 ամիս, Արեգ Կյուրեղյանը՝ 7 տարի 1 ամիս, Վարուժան Ավետիսյանը՝ 9 տարի վեց ամիս ժամկետով ազատազրկման, որից հանվեց 2 տարի կալանքի տակ մնալը և վերջնական պատիժ սահմանվեց 7 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկումը։ Խմբի անդամներից Սմբատ Բարսեղյանը դատապարտվեց 25 տարի ժամկետով, Արմեն Բիլյանը՝ 4 տարի, Սեդրակ Նազարյանը՝ 8 տարի 2 ամիս, էդվարդ Գրիգորյանը՝ 6 տարի 6 ամիս, Մխիթար Ավետիսյանը՝ 7 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:

Նշենք նաև, որ Արմեն Բիլյանի կալանքը հենց դատարանում վերացվեց, մինչև դատարանի որոշման ուժի մեջ մտնելը նա կմնա ազատության մեջ:

Արայիկ Խանդոյանի նկատմամբ էլ քրեական հետապնդումը դադարեցվեց՝ անձի մահվան հիմքով:

Նշենք, որ համաներում պետք է լիներ, որը կմեղմացներ ամբաստանյալների պատժաչափերը, սակայն, ինչպես տեղեկացրել ենք, տուժողներն առարկել էին, և համաներումն այս դեպքում չգործեց:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի գրավման ժամանակ մահացել էր ոստիկանության փոխգնդապետ Արթուր Վանոյանը, իսկ հետո՝ Գագիկ Մկրտչյանը և Յուրի Տեփանոսյանը: Վերջինը, ըստ պաշտոնական հաղորդագրության, մահացել է դիպուկահարի կրակոցից։

Խմբի անդամներն առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ