Բագրատյանը՝ ընդդիմության տապալման ֆենոմեն

Կարևոր է, թե ճշմարտությունը ո՞ր բերանով է արտահայտվում

Երբ տասնյակ հազարավոր մարդիկ, չսիրելով ներկա իշխանություններին, դուրս չեն գալիս փողոց, ընդդիմությունը պետք է իր մեջ գտնի այդ ձախողման բանաձևը։ Որովհետև հեշտ է ասել, թե ժողովուրդն անկիրթ է, իներտ ու ստրկամիտ։ Ժողովուրդն իր հավաքականության մեջ իմաստուն է, և երբ չի գնում ընդդիմադիր առանձին լիդերների հետևից, ունի իր խորքային պատճառները։ Օրինակ, ինչպես կարող է մտածող մարդը գնալ ու ծափ տալ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին, որն իր վիրավորական, էմոցիոնալ, անզուսպ պահվածքով ավելի շատ հիշեցնում է նևրոզ ունեցող մարդու, քան քաղաքական ու պետական գործչի։ Նրա ամեն մի արտահայտությունն առանձին քննարկման ու հոգեվերլուծության առարկա է, և, եթե նա անգամ ինչ-որ բան ճիշտ է ասում, ասածի, մատուցածի ձևն արդեն վանում է մարդուն։

Ընդ որում, նույն Բագրատյանը մեծագույն սովորություն ունի իր ասածները մի քանի անգամ փոխելու ու իբրև իրեն անհրաժեշտ իրականություն մատուցելու։ Այսօր այս իշխանություններին ապազգային, հայրենադավ ու «անաստված» համարող Բագրատյանը մի քանի տարի առաջ դարձել էր Հայ առաքելական եկեղեցու կատաղի հակառակորդը, որը չէր խորշում կաթողիկոսի, եպիսկոպոսաց դասի և, ընդհանրապես, հոգևորականների հասցեին ամենավիրավորական արտահայտություններն անել։ Հակամարտությունն այն աստիճան էր սրվել, որ Եկեղեցին լրջորեն քննարկում էր Բագրատյանին բանադրելու և արտաքսելու հնարավորությունը, մի բան, որ վերջին անգամ իրականացվել է անհիշելի ժամանակներում։

Ասում են, որ միայն Հայաստանի այն ժամանակվա ազդեցիկ քաղաքական ղեկավարության միջամտությամբ հոգևորականները չգնացին այդ ծայրահեղ քայլին, իսկ Բագրատյանին կոնկրետ վայրից «հորդորվեց» չափերը չանցնել։

Հիմա նույն մտածող մարդը նայում է, որ Բագրատյանը հայտարարում է ատոմային ռումբի ստեղծման անհրաժեշտության մասին, հորդորում ատոմակայանի թափոնները լցնել ռումբերի մեջ և ուղարկել դեպի Ադրբեջան։ Իհարկե, ատոմային ֆիզիկայի մասնագետների համար այս արտահայտությունը դեպրեսիա կամ անխոնջ ծիծաղ կառաջացնի՝ հաշվի առնելով նրա գիտական կիրառության անհնարինությունը, բայց սրա քաղաքական կոմպոնենտն արդեն վտանգավոր է։ Պատկերացնում եք, որ Հայաստանում իշխանության գա մեկը, որ հայտարարի, թե իր քաղաքական օրակարգի մեջ ատոմային ռումբ ունենալն առաջնահերթություն է։ Առաջին հայացքից սա պաշտպանողական ամենալուրջ գործիքն է, որ կարող է ունենալ ցանկացած երկիր, բայց նմանատիպ արտահայտություն կարող է իրեն թույլ տալ շարքային մեկը, որ չի հասկանում միջազգային քաղաքականությունից ու աշխարհի վերաբերմունքից նման երևույթների նկատմամբ։ Իրանի պես տարածաշրջանային հզոր պետությունը չի կարողանում հասնել ատոմային ռումբի ստեղծմանը, չնայած տասնյակ տարիներ հենց այդ պատճառով գտնվում է տնտեսական շրջափակման մեջ։ Չմոռանանք նաև, որ Իսրայելը երկար տարիներ գաղտնի էր պահում ատոմային ռումբ ունենալու փաստը։

Նույն Բագրատյանը տանում է ընդդիմության աշխատանքը դեպի փակուղի, երբ ամենավերջին անձնական վիրավորանքներն է թույլ տալիս նախագահ Արմեն Սարգսյանի հասցեին։ Նախագահի ինստիտուտն այս ներքաղաքական ծանրագույն ժամանակաշրջանում միակ լեգիտիմ փրկօղակը կարող է լինել երկրում քաոս թույլ չտալու համար, իսկ ընդդիմադիր ամենահայտնի լիդերներից մեկը, փոխանակ փորձի բանակցել նրա հետ, անցնում է անձնական ատելության մակարդակի, մի բան, որ իրենց թույլ չեն տալիս մյուս կարկառուն ընդդիմադիրները։ Հետաքրքիր է, որ ընդամենը մեկ-երկու տարի առաջ նույն Բագրատյանն Արմեն Սարգսյանի մասին ոչ միայն վատ բան չէր ասում, այլև տեղ-տեղ գովում էր, բայց, ինչպես ասում են, կյանքը լի է անակնկալներով։ Ըստ որոշ աղբյուրների՝ Սարգսյան-Բագրատյան հակամարտությունը սկսվել է նրանից, որ նախագահը մի անգամ իրեն թույլ է տվել չպատասխանել Բագրատյանի հեռախոսազանգին։ Վիրավորված ինքնասիրությամբ մեգաէկոնոմիկայի «հայրը», բնականաբար, չի հանդուրժել այդ «մեծագույն լկտիությունն» ու շատ արագ անցել անձնական վրեժխնդրության։

Ընդդիմության հիմնական առաջնորդները պետք է մտածեն՝ արդյոք ճի՞շտ է, որ նրանց է ներկայացնում մի մարդ, որ ավելի շատ քայլող պրոբլեմ է, քան քաղաքական գործիչ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ