«Ընդդիմադիրներն ունեն շատ ցածր վարկանիշ, դրա համար վիժեցրին արտահերթ ընտրությունների առաջարկը…». Ալեն Սիմոնյան

Երբ մեր գործընկերները պատրաստ կլինեն քննարկել ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը, մենք կքննարկենք այն վերսկսելու հարցը՝ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ քանի դեռ ընդդիմությունը պատրաստ չէ նման քննարկումների, իշխանությունն արտահերթ ընտրություններ չի անցկացնի: «Իմ քայլը» խմբակցությունն ունի իր վարչապետը, «Իմ քայլի» ընտրողները ունեն իրենց ընտրած վարչապետը»,- ասաց Սիմոնյանը:

Ըստ ԱԺ փոխնախագահի՝ իշխանությունը ներկայացրել է իր ճանապարհային քարտեզը, որն էլ իրականացնելու է վեց ամսում:

«ՀՀ վարչապետը ունի ամենաբարձր վարկանիշը ՀՀ-ում առկա քաղաքական գործիչների մեջ: Չբացառելով, որ, այո՛, «Իմ քայլի» և մնացած բոլոր քաղաքական ուժերի վարկանիշն իջել է, բայց, այնուամենայնիվ, ես պնդում եմ՝ այսօր վարչապետն ունի ամենաբարձր վարկանիշը»,- նշեց նա:

Սիմոնյանի խոսքով՝ ընդդիմադիր ուժերը ևս հարցումներ են անցկացրել, արդյունքում՝ պարզվել է, որ ունեն շատ ցածր վարկանիշ:

«Դա է հիմնական պատճառը, որ իրենք վիժեցրեցին վարչապետի առաջարկը՝ գնալ արտահերթ ընտրությունների»,- հայտարարեց Ալեն Սիմոնյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ